Հայաստանի համայնքները տասնամյակներ շարունակ կանգնած են խնդիրների առջեւ, որոնք առաջին հայացքից անհաղթահարելի են թվում․ գործազրկությունը մնում է բավականին բարձր, բնապահպանական խնդիրները եւ աղբահանության ու աղբի վերամշակման հետ կապված դժվարությունները խանգարում են ե՛ւ գյուղատնտեսությանը, ե՛ւ բիզնեսին, ե՛ւ զբոսաշրջությանը, իսկ էներգիայի եւ ջեռուցման հետ կապված խնդիրները մարդկանց մի շարք լուրջ մարտահրավերների առաջ են կանգնեցնում։
Վերջին տասնամյակներում երկրում իրականացված բազմաթիվ միջազգային ծրագրեր ուղղված են եղել այս խնդիրների լուծմանը, բայց դրանցից շատերը մնացել են չլուծված։ Սակայն «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությունը Հայաստանի համայնքներում եւ դրանց բնակիչների կյանքում վերջապես լուրջ, շոշափելի փոփոխություններ անելու բոլոր հնարավորություններն ունի։
«Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը Եվրամիության նախաձեռնության երկրորդ փուլն է, որը 2021-ից իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից։ Դրա նպատակը տնտեսական աճի խթանումն է, գործարար միջավայրի բարելավումը եւ նոր աշխատատեղերի ստեղծումը՝ Արեւելյան գործընկերության երկրների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) քաղաքներում եւ համայնքներում կայունտնտեսական զարգացման համար։
«Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի ղեկավար Ժիրայր Էդիլյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց նախաձեռնությունն էապես տարբերվում է Հայաստանում երբեւէ իրականացված մյուս ծրագրերից՝ այն ենթադրում է նորարարական մոտեցումների կիրառում, որն ավելի քան 10 տարի օգտագործվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, մասնավորապես՝ նախագծերի կառավարման (project management) մեջ: Առաջարկվող մեթոդաբանությունը համայնքը դիտարկում է որպես համակարգ եւ թույլ է տալիս ոչ գծային լուծումներ գտնել համալիր, առաջին հայացքից անլուծելի թվացող խնդիրների համար:
Ինչո՞ւ որոշ խնդիրներ հնարավոր չէ «սովորական» միջոցներով լուծել
Ինչպես ասաց Ժիրայր Էդիլյանը, խնդիրները կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի՝ պարզ, բարդ, համալիր եւ կրիտիկական։ Դրանց լուծումները տարբեր մոտեցումներ են պահանջում։
Պարզ խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ են որոշակի գիտելիքներ ու հմտություններ, եւ սովորաբար դրանք ավելի քան բավարար են: Օրինակ՝ քաղաքի փողոցներից մեկում ասֆալտը փչացել է։ Սա բավականին պարզ խնդիր է, եւ բոլորը գիտեն, թե ինչպես լուծել այն:
Բարդ խնդիրներն ունեն մի քանի բաղադրիչ, եւ դրանց լուծումը պահանջում է արդեն մի քանի գործողություն՝ ճիշտ հերթականությամբ: Բայց սովորաբար փորձն ու գիտելիքները թույլ են տալիս նաեւ նման խնդիրները լուծել։
Համալիր խնդիրները ներառում են բազմաթիվ կողմեր՝ տարբեր, երբեմն միմյանց հակասող շահերով: Քչերը կարող են պատկերացնել, թե ինչպես պետք է լուծվեն նման խնդիրները՝ ինչ պետք է անել եւ ինչ հերթականությամբ։
Օրինակ՝ պետք է լուծել քաղաքի ոչ գրավիչ արտաքին տեսքի խնդիրը։ Ի՞նչ է պետք անել դրա համար։ Ո՞ր կողմից կարելի է մոտենալ այս խնդրին։ Ի վերջո, խնդիրը բազմաշերտ է, այն ներառում է բազմաթիվ շահագրգիռ կողմերի, բազմաթիվ իրավական, էթիկական եւ այլ հարցեր։ Արգելե՞լ պատշգամբները ներկել կամ օդորակիչներ տեղադրել։ Ստիպել մարդկանց քանդե՞լ բոլոր «տգեղ» շենքերն ու ավտոտնակները։ Միանգամայն ակնհայտ է, որ այս ամենն անհնար է ու անիրատեսական։
«Համալիր խնդիրների դեպքում ակնհայտ լուծումներ չկան։ Ոչ ոք չգիտի, թե նման խնդիրներն ինչպես պետք է լուծվեն, որ կողմից պետք է դրանց մոտենալ, - ասաց Էդիլյանը: - Շատերը փորձում են համալիր խնդիրներն այնպես լուծել, ինչպես լուծում են պարզ եւ բարդ խնդիրները՝ օգտագործելով «սովորական», «տեխնիկական» միջոցներ։ Բայց փորձը ցույց է տալիս, որ այս դեպքում դա չի աշխատում»։
«Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության շրջանակում կիրառվող մեթոդաբանությունը կոչված է լուծելու համալիր խնդիրները, քանի որ այն դիտարկում է համայնքը որպես համակարգ, որպես մի ամբողջություն, իսկ համայնքի խնդիրները՝ որպես փոխկապակցված երեւույթներ այս համակարգում, որոնք, ի լրումն ամենին, կայուն չեն եւ անընդհատ փոխվում են:
Համակարգային մոտեցումն ընդդեմ գծային մոտեցման
Հայաստանում մինչ այժմ իրականացվող զարգացման բոլոր ծրագրերում կիրառել են, այսպես կոչված, գծային մոտեցումը՝ մասնագետները որոշել են, թե ինչ է պետք անել մի քանի տարում այս կամ այն արդյունքին հասնելու համար, եւ սկսել են հետեւել պատրաստված պլանին։ Ծրագրի ավարտից հետո մասնագետները գնահատել են անցած ճանապարհը եւ փորձել հասկանալ, թե հաջողվել է արդյոք հասնել իրենց նպատակներին։
«Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախագծի շրջանակներում կիրառվող նոր մեթոդաբանությունը հիմնված է համակարգային մտածողության վրա՝ համայնքը դիտարկվում է որպես համակարգ։ Հասկանալով, թե ինչ խնդիրներ կան այդ համակարգում, անհրաժեշտ է լինում պարզել, թե այս համակարգի որ կետերի վրա պետք է ազդել ցանկալի արդյունքների հասնելու համար: Ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը գնահատվում է ոչ թե ծրագրի ավարտին, այլ պարբերաբար՝ ծրագրի իրագործման ընթացքում. մասնագետները հետեւում են, թե ինչպես է համակարգը փոխվում ազդեցության հետեւանքով, եզրակացություններ են անում եւ որոշում, թե հետագա ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել՝ փոփոխությունները ճիշտ հունով ուղղորդելու համար։
«Համակարգն անընդհատ փոփոխվում է։ Վաղն այն արդեն այնպիսին չի լինի, ինչպիսին երեկ էր, - ասաց Էդիլյանը։ - Ավելին, համակարգի փոփոխությունները հնարավոր չէ կանխատեսել։ Օրինակ, մի երկու ամիս առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե Ուկրաինայի իրադարձություններն ինչպեսկազդեն մեր երկրի տնտեսության եւ կյանքի բոլոր ոլորտների վրա։ Գծային մոտեցմամբ զարգացման ծրագիրը չէր կարող հաշվի առնել այս փոփոխությունը եւ հարմարվել, իսկ համակարգային մոտեցումը թույլ է տալիս մեզ արդյունավետ աշխատել անընդհատ փոփոխվող համակարգի հետ»:
«Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախագիծը՝ Հայաստանում
Այս նախաձեռնությունը խոստանում է օգնել ոչ մեծ քաղաքների եւ համայնքների իշխանություններին՝ կայուն տնտեսական զարգացման նորարարական մոտեցումների մշակման եւ իրականացման գործում:Համայնքապետարաններին մասնագետները կօգնեն տեղական տնտեսական զարգացման ծրագրերը մշակելու, ռեսուրսների բաշխումը ավելի լավ կազմակերպելու, նոր ռեսուրսներ եւ ֆինանսներ որոնելու հարցերում, որոնք կարող են ուղղվել համայնքի տնտեսական զարգացմանը:
Ի տարբերություն շատ այլ ծրագրերի՝ «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախագծի շրջանակում հիմնական աշխատանքը կատարելու են ոչ թե մասնագետները կամ վարձու հասարակական կազմակերպությունները, այլ համայնքի վարչակազմի աշխատակիցների ակտիվ խմբերը։ Նրանց կծանոթացնեն իրենց համայնքներում համալիր խնդիրների լուծման նորարարական մոտեցումներին, եւ ստացած գիտելիքները հետագայում նրանք կկարողանան կիրառել այլ խնդիրներ լուծելու համար՝ արդեն այս ծրագրից դուրս։
Ներկայումս, այսպես կոչված, «պորտֆելային» մոտեցում կիրառելու համար ընտրվել է Արենի համայնքը։ Համայնքի վարչակազմի աշխատակիցների եւ ՄԱԿ Զարգացման ծրագրի մասնագետների ակտիվ խումբն արդեն ուսումնասիրել է համայնքի խնդիրները որպես համակարգ, քարտեզագրել է դրանք։
Ի սկզբանե համայնքում առանձնացրել են խնդիրների երեք մեծ խումբ.
• Զբոսաշրջության զարգացում (որը կօգնի լրացուցիչ ֆինանսներ ներգրավել համայնքում),
• Տնտեսության այլընտրանքային ուղղությունների զարգացում (Արենիում այսօր գինեգործությունից բացի եկամտի այլ աղբյուրներ չկան),
• Անվտանգության եւ էկոլոգիայի խնդիրներ (մի կողմից համայնքը սահմանամերձ է, մյուս կողմից՝ գլոբալ տաքացումը համայնքի վրա ավելի լուրջ ազդեցություն է թողնում, քան կարելի էր սպասել):
Որպես խնդիրների առանձին խումբ նշել են նաեւ աղբը՝ դրա մաքրման եւ վերամշակման ոչ ճիշտ կազմակերպումն ազդում է նաեւ գինեգործության վրա (խաղողի որակը տուժում է), եւ համայնքը դարձնում է ավելի քիչ գրավիչ զբոսաշրջիկների համար։
Որոշվել է սկզբի համար խնդիրների մի խումբը վերցնել եւ նախաձեռնության շրջանակում փորձել լուծել այն՝ կիրառելով վերը նկարագրված մեթոդները։ Արենիի վարչակազմը որոշել է կենտրոնանալ համայնքում զբոսաշրջության զարգացման վրա՝ նրանք ուզում են Արենին դարձնել մի վայր, որտեղ զբոսաշրջիկը կցանկանա անցկացնել ոչ թե մի քանի ժամ, այլ գոնե մի քանի օր, եւ զբաղմունք կունենա այդ օրերի ընթացքում։ Ավելին, զբոսաշրջության զարգացման շրջանակում հնարավոր կլինի նաեւ անդրադառնալ ե՛ւ աղբի խնդրին, ե՛ւ տնտեսական զարգացման այլընտրանքային ուղիներին, քանի որ զբոսաշրջությունը կարող է եկամտի նոր՝ գինեգործությունից տարբերվող աղբյուր դառնալ։
Ինչպես նշեց Ժիրայր Էդիլյանը, առաջիկայում նախատեսվում է մեկական նորարարական ծրագիր իրականացնել նաեւ Ալավերդի, Աշտարակ եւ Չարենցավան համայնքներում։
Չարենցավանում, օրինակ, քաղաքի արտաքին տեսքի, ոռոգման համակարգերի հետ կապված խնդիրներ կան։ Երկու խնդիրներն էլ համալիր են եւ առաջին հայացքից անլուծելի են թվում, բայց «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության համակարգային մոտեցման շնորհիվ հնարավոր է հաջողվի դրանք լուծել: Եվ հետո այդ փորձը օգտակար կլինի նաեւ այլ քաղաքների եւ երկրների համար, քանի որ այսօր նման խնդիրներ կան գրեթե ամենուր։
Հայաստանի 28 համայնքներ այսօրվա դրությամբ արդեն ծրագրի անդամ են դարձել։ Սակայն տարվա ընթացքում նախատեսվում է ներգրավել նաև այլ համայնքներ։ Համայնքներն իրենք պետք է ծրագրին միանալու ցանկություն հայտնեն, իսկ նրանց կընտրեն մի շարք չափանիշներով, որոնց թվում են՝ փորձարկումներ անելու համայնքի ղեկավարության պատրաստակամությունը, նորարարական մոտեցումներ ներդնելու եւ փորձելու ցանկությունը՝ մարդկանց կյանքն իսկապես դեպի ավելի լավը փոխելու համար։





























