ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքոների նախարար Գնել Սանոսյանն այսօր՝ ապրիլի 22-ին, ընդունել է Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի ներդրող  «FRV» ընկերության և «IFC» կազմակերպության ներկայացուցիչներին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել է FRV-Masrik ընկերության կողմից «Մասրիկ-1» արևային կայանի կառուցման ծրագրի ընթացքը։

Նախարարը մտահոգություն է հայտնել կայանի կառուցման աշխատանքների ձգձգման շուրջ և հույս է հայտնել, որ հնարավորինս արագ կսկսվի և ավարտին կհասցվի կայանի կառուցումը։ Այդ նպատակով ներդրող ընկերությունն առաջիկա օրերին կներկայացնի աշխատանքների պլան-ժամանակացույց և ձեռնամուխ կլինի դրա իրականացմանը։

«FRV-Masrik» ընկերության գլխավոր տնօրեն Տրիստան Հայգերոն նկատել է, որ կայանի կառուցման ձգձգումը պայմանավորված է եղել մի քանի հանգամանքներով, այդ թվում համավարակով, սակայն վերջին ամիսներին ակտիվ աշխատանք է տարվում, որպեսզի լուծումներ գտնվեն և կայանը կառուցվի հնարավորինս արագ․ «Մենք հանձն ենք առնում այս ծրագիրն ավարտին հասցնել և հնարավոր լուծուներն արդեն գտնված են։ Մենք բոլոր ջանքրեը կկենտրոնացնենք այս ծրագիրն իրականացնելու համար»,-ասել է Տրիստան Հայգերոն։ 

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում կառուցվող 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արևային կայանն իր տեսակով առաջինը պետք է լինի  Հայաստանում: Այն թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանում վերականգնվող էներգիայի արտադրության ծավալը։