Հայաստանն ուղիղ աջակցություն չի հայտնում ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Ուկրաինային։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Փորձագետի խոսքով՝ սահմանների, ինչպես նաեւ պատժամիջոցների հետ կապված խնդիրներ կարող են լինել աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում։

«Այդ խնդիրները, որոնք գոյություն ունեն, վերաբերում են ոչ միայն Ուկրաինային, այլեւ նրա շուրջը գտնվող երկրներին։ Ռուսաստանից դա այդպես կարող է ընկալվել։ Բայց Հայաստանից դա այլ կերպ կարող է ընկալվել։ Հայաստանն ուղիղ եւ ընդգծված աջակցություն չի ցուցաբերում կողմերից որեւէ մեկին։ Եվ սա միայն հայկական ֆենոմեն չէ։ Ճիշտ նույնը տեղի է ունենում նաեւ Վրաստանի, Ադրբեջանի, եւ նույնիսկ Թուրքիայի հետ»,- պարզաբանեց Իսկանդարյանը։

Այս փորձը, ինչպես նշեց քաղաքագետը, հայաստանյան քաղաքականության համար բավական ստանդարտ է։ Խոսքը, ըստ նրա, կոնկրետ ընտրությունից խուսափելու փորձի մասին է։

«Սա պայմանավորված է որոշ հանգամանքներով։ Դրանք շատ հասկանալի են։ Հայաստանը, այսպես ասենք, աշխարհի ամենամեծ երկիրը չէ։ Եվ այն հակամարտությունը, որը գոյություն ունի, Հայաստանին ուղղակիորեն չի վերաբերում։ Նա ուղղակիորեն ներգրավված չէ դրանում: Հայաստանն ավելի քան մեկ միլիոնանոց սփյուռք ունի Ռուսաստանում, եւս մի քանի հարյուր հազար հայեր ապրում են Ուկրաինայում։ Հայաստանը երկու կողմերի հետ եւ՛ դիվանագիտական, եւ՛ տնտեսական հարաբերություններ ունի։ Ուստի պաշտոնական Երեւանը որեւէ կտրուկ քայլ չի անի։ Որեւէ կտրուկ հայտարարություն չի անի։ Հայաստանը պարզապես հակված չէ այդպես վարվել»,- պարզաբանեց փորձագետը։