Այն բարդ իրավիճակը, որը կապված է նաեւ Ռուսաստանի դեմ սանձազերծված պատժամիջոցային պատերազմի հետ, անշուշտ, լուրջ մարտահրավերներ, լուրջ խնդիրներ է ստեղծում մեր երկրների համար։ Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը` պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին։

«Բայց դրանք նաեւ հնարավորություն են՝ մեր համագործակցությունը, ինտեգրացիոն գործընթացները խորացնելու համար։ Կարծում եմ, որ հենց այս համատեքստում պետք է դիտարկել այն նախագծերը, որոնց մասին ավելի վաղ հայտարարվել էր»,-ասաց դեսպանը։

Պատասխանելով նախորդ տարվա հոկտեմբերին հայտարարված ռուսական ընկերությունների՝ առաջիկա տարիներին ավելի քան 1 միլիարդ դոլարի ներդրում կատարելու ծրագրերի մասին հարցին՝ Կոպիրկինը դրանք ակտուալ է անվանել։

«Կարծում եմ՝ իրավիճակը մղում է դեպի հայ-ռուսական համագործակցության խորացում»,-ընդգծեց դեսպանը։