Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին:

Իր ուղերձը սկսելով հայ համայնքի անդամներին ողջունելով, որոնք հավաքվել են Ստամբուլի Հայոց պատրիարքության տանիքի տակ՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը՝ Էրդողանը «ոգեկոչել է օսմանցի հայերի հիշատակը եւ ցավակցություն է փոխանցել նրանց ողջ մնացած հարազատներին»,- ասվում է ուղերձում:

Էրդողանը հիշեցրել է, որ «Օսմանյան կայսրության վերջին տարիներին, որոնք համընկել են Առաջին աշխարհամարտի հետ, շատ ցավալի ժամանակաշրջան են եղել միլիոնավոր օսմանցի երեխաների համար», -փոխանցում է «Անադալու» գործակալությունը:

«Մեզ համար կարեւոր է միավորել անցյալի վերքերը եւ էլ ավելի ամրապնդել մեր մարդկային կապերը: Այդ ըմբռնումով մենք պետք է միասին կառուցենք ապագան՝ ցավը խորացնելու փոխարեն: Մենք այդ նպատակով պետք է դրական գործընթաց սկսենք մեր հարեւան Հայաստանի հետ: Գիտեմ, որ կարգավորման գործընթացին անկեղծորեն աջակցում են մեր հայ քաղաքացիները, որոնք կողմ են երկու հարեւան երկրի միջեւ սերտ համագործակցությանը, եւ ես դրան մեծ նշանակություն եմ տալիս:

Ակնկալում եմ, որ դուք նշանակալի ներդրում կունենաք այս պատմական հնարավորության օգտագործման գործում՝ հանուն մեր տարածաշրջանի խաղաղության եւ կայունության: Ցանկանում եմ, որ մեր հայ քաղաքացիները, որոնք այս հողերում իրենց դարավոր բնակության ընթացքում անջնջելի հետք են թողել մեր մշակութային եւ հասարակական կյանքում, վստահ լինեն, որ մենք կգործադրենք բոլոր ջանքերը, որպեսզի նրանք անվտանգ ապրեն»: