Արաբական Միացյալ Էմիրությունների Տիեզերական գործակալության միջմոլորակային կայանը՝ «Ալ-Ամալ»-ը, որը արաբերենից թարգմանաբար նշանակում է «Հույս», Մարսի վրա արտասովոր բեւեռափայլերի նկարներ է փոխանցել։ Դրանց թվում է եղել «ոլորուն դիսկրետը», որը նման է հսկայական որդանման զիգզագի եւ զբաղեցնում է պայծառ մոլորակի սկավառակի կեսը, գրում է Planet Today-ը։
Emirates Mars առաքելությունը արաբական երկրի կողմից կազմակերպված առաջին միջմոլորակային արշավախումբն է։ Առաքելությունը կենտրոնացած է Մարսի մթնոլորտի, մոլորակի տեղական մագնիսական դաշտերի եւ արեւային քամիների փոխազդեցությունների ուսումնասիրության վրա։ Դիտարկումները հնարավորություն են տվել բացահայտել նախկինում չտեսնված մի երեւույթ, որն արաբական թիմն անվանել է «ոլորուն դիսկրետային բեւեռափայլեր»:
Փորձագետները նաեւ հայտնել են, որ գրեթե ողջ մարսյան սկավառակի մթնոլորտի սինոպտիկ պատկերներ են ստանում: Սա թույլ է տալիս ընդլայնել Մարսի վրա տեղի ունեցող բոլոր մթնոլորտային երեւույթների ուսումնասիրության տարածքը: Սա հնարավորություն է տալիս դիտել բեւեռափայլերի դիսկրետ էֆեկտներ այնպիսի մասշտաբով եւ այնքան հաճախ, որքան դժվար կլիներ նախօրոք ակնկալել:
Մասնագետները բացատրում են, որ «ոլորուն դիսկրետային բեւեռափայլը» բաղկացած է մթնոլորտի վերին շերտում գրգռված էլեկտրոնների որդանման գծերից: Դրանք տարածվում են հսկայական տարածությունների վրա՝ ազդելով մոլորակի ինչպես գիշերային, այնպես էլ ցերեկային կողմերի վրա։ Այս դիտարկումներն արվել են այն ժամանակ, երբ Մարսը հատկապես ուժեղ արեւային փոթորիկների էր ենթարկվում, ինչի արդյունքում առաջացան արեւային քամու ամենաարագ եւ ամենաբուռն էլեկտրոնային հոսքերը եւ ամենապայծառ ու ընդարձակ բեւեռափայլերը:




























