Հայաստանում մաթեմատիկական ֆակուլտետների շրջանավարտները հիմնականում գնում են աշխատելու ՏՏ ոլորտում։ Ծրագրավորմամբ զբաղվելը և՛ ավելի հեշտ է, և՛ ֆինանսական առումով ավելի ձեռնտու։ Գիտությունն ավելի մեծ աշխատանք, ավելի մեծ նվիրվածություն և ստեղծագործական մոտեցում է պահանջում։ Բայց եթե գիտնականի և ծրագրավորողի աշխատավարձի տարբերությունը փոքր ինչ կրճատվի, ապա շատ երիտասարդ մաթեմատիկոսներ կմնան այդ ոլորտում շնորհիվ առ գիտությունն իրենց սիրո, համարում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Գրիգորի Կարագուլյանը։
Ըստ նրա, կա ևս մի խնդիր՝ լավ ուսանողները ձգտում են շարունակել իրենց կրթությունը արտասահմանում։ «Դա միանգամայն ողջունելի է, եթե համապատասխան կրթություն ստանալուց հետո նրանք վերադառնան Հայաստան։ Սակայն հաճախ դա այդպես չի լինում, հասկանալի պատճառներով», - հավելեց նա։
Ինչպես նշեց գիտնականը, հայ դպրոցականներն ու ուսանողները մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և ֆիզիկայի տարբեր միջազգային օլիմպիադաներում ավանդաբար արձանագրում են բարձր ցուցանիշներ։ Նրանցից շատերը սովորելով մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետներում, արդեն ուսուցման ընթացքում աշխատանք են գտնում ՏՏ ընկերություններում, և ուսման ավարտից հետո այլևս գիտությամբ չեն զբաղվում։ Այսօր Հայաստանում գործող հայտնի ՏՏ ընկերությունների մի մասը հիմնել են օլիմպիադաների մեդալակիրները։ Անշուշտ, ՏՏ ոլորտը ևս պիտի զարգանա, և այնտեղ նույնպես պետք են լավ մասնագետներ, բայց գիտության ճակատը լիովին բաց թողնելը նույնպես անթույլատրելի է, համարում է նա։ Եվ կարևորագույն քայլը դրա համար՝ երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրերի ձևավորումն է։
Ըստ Գրիգորի Կարագուլյանի, կառավարության վերջին քայլերն այդ ուղղությամբ՝ գիտության ֆինանսավորման ավելացումը և երիտասարդ գիտնականների աջակցմանը միտված մի շարք նոր ծրագրերի ներմուծումը բարձր գնահատականի են արժանի։
«Մենք ունենք բարձր պոտենցիալ ունեցող շատ գիտնականներ, սակայն նրանց միջին տարիքը գերազանցում է 55-ը։ Հարկ է փութալ, որպեսզի մեր ավագ սերնդի գիտնականները հասցնեն իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցել երիտասարդ սերնդին։ Ես դեռևս պահպանում եմ երիտասարդության հետ աշխատելու իմ եռանդը, սակայն այն անսահմանափակ չի կարող լինել։ Ի՞նչ կլինի 10 տարի հետո, եթե մենք չհասցնենք գիտության ոլորտը պատշաճ կերպով համալրել երիտասարդ կադրերով։ Այո, կառավարության քայլերն ուշացած են, բայց, եթե մի քիչ էլ հապաղեինք, ընդհանրապես կկորցնեինք Հայաստանում գիտությունը առողջացնելու և զարգացնելու բոլոր հնարավորությունները։ Գիտության առջև ծառացած խնդիրները լուծելու համար համապարփակ մոտեցում է պահանջվում։ Գիտության զարգացումը չի կարող դիտարկվել առանց հանրակրթական դպրոցների, բուհերի, ինչպես նաև կառավարման համակարգի վերակառուցմանը միտված ծրագրերի։ Դա երկարատև գործընթաց է, այն համառ, վճռական և ամենակարևորը զգույշ մոտեցում է պահանջում։ Կարծում եմ, որ գիտական հանրության և կառավարության ճիշտ համագործակցության դեպքում, արդյունքները կարող են դառնալ տեսանելի մոտակա տարիներին», - ասաց ինստիտուտի տնօրենը։
Գրիգորի Կարագուլյանի խումբը գիտության կոմիտեի դրամաշնորհ է շահել առաջատար հետազոտություների աջակցության ծրագրի շրջանակում, և ծրագրում է հետազոտություն անցկացնել մաթեմատիկայի մի քանի ուղությունների սահմանագծում՝ երիտասարդ մասնագետների և ուսանողների ներգրավվածությամբ։ Նախագծի թեման է՝ «Իրական անալիզի մեթոդները կիրառական հավանականությունների տեսության մեջ»։ Ըստ ինստիտուտի տնօրենի, ծրագրի շրջանակում նախատեսվում է մաթեմատիկական երկու ուղղությունների՝ իրական անալիզի և հավանականությունների տեսության նպատակաուղղված համագործակցություն։ Ուսումնասիրվելու են վիճակագրական ֆիզիկայի, տոմոգրաֆիայի և պատկերների ճանաչմանը վերաբերող խնդիրներ։
Խմբի կազմում, ղեկավար Գրիգորի Կարագուլյանից բացի, ընդգրկված է ևս վեց գիտնական Մաթեմատիկայի ինստիտուտի հավանականությունների տեսության և իրական անալիզի բաժիններից․ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բորիս Նահապետյանը, դոկտոր-պրոֆեսորներ Սուրեն Պողոսյանը, Ռաֆիկ Արամյանը, երիտասարդ գիտնականներ՝ Լինդա Խաչատրյանն ու Սմբատ Աղեկյանը և հայ-ռուսական համալսարանի մագիստրոս Դանիել Երանյանը։ Զուգահեռաբար Գրիգորի Կարագուլյանը աշխատում է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի երեք ուսանողների հետ, որպեսզի հաջողության դեպքում նրանցից երկուսին ևս ներգրավի նախագծի մեջ (առաջատար հետազոտությունների աջակցության ծրագիրը հնարավորություն է տալիս հնգամյա նախագծի երկրորդ կամ երրորդ տարվանից ներգրավել երկու ուսանողի, և նրանց համար առանձին ֆինանսավորում է տրամադրվում)։
«Իմ հետազոտությունների հիմնական ոլորտը՝ իրական անալիզն է, սակայն իմ աշխատանքներից շատերը սերտորեն առնչվում են հավանականությունների տեսության որոշ օբյեկտներին, մասնավորապես, մարտինգալներին՝ մի հասկացություն, որը լայն ուսումնասիրության առարկա է ինչպես իրական անալիզի այնպես էլ հավանականությունների տեսության մեջ։ Իմ մի քանի աշխատանքներում ես առաջարկել եմ որոշ մեթոդներ, որոնք համոզված եմ՝ հաջողությամբ կարող են կիրառվել հավանականությունների տեսության որոշ խնդիրների լուծման մեջ։ Իմ գործընկերները վիճակագրական ֆիզիկայի խնդիրների լուծման համար մարտինգալների կիրառության մեծ փորձ ունեն։ Այս հանգամանքը մեր համատեղ աշխատանքի գլխավոր օղակներից մեկն է լինելու։ Այս ուղղությամբ մեր քննարկումները սկսվել են դեռևս նախագծի ներկայացմանը նախորդող երկու ամիսների ընթացքում, իսկ դրամաշնորհը ստանալուն պես մեկնարկել է մեր շաբաթական սեմինարների շարքը, որտեղ քննարկում ենք թեմային վերաբերվող մեր աշխատանքներն ու խնդիրները», - պատմեց գիտնականը։
Հետաքրքիր է, որ պատմականորեն մարտինգալները առաջացել են մոլեխաղերում դրույքների ղեկավարման ռազմավարության նկարագրության համար։ Ավելի ուշ մարտինգալները դարձան հավանականությունների տեսության լայն ուսումնասիրությունների առարկա, այնուհետև մարտինգալները կիրառություն ստացան նաև մաթեմատիկայի այլ բնագավառներում։
Հարկ է նշել, որ այսօր հավանականությունների տեսությունը, և մասնավորապես նրա այն ուղղությունները, ինչպիսիք են վիճակագրական ֆիզիկան, տոմոգրաֆիան, պատկերների ճանաչման հավանականային խնդիրները՝ գիտության առավել կիրառական ոլորտներից են։ Մաթեմատիկայի ինստիտուտի այս խմբի հետազոտությունները հիմնականում տեսական բնույթի են, որոնք հետագայում կարող են նաև ունենալ գործնական կիրառություններ բժշկության, երկրաբանության, ֆիզիկայի և այլ ոլորտներում։
Համատեղ աշխատանքի ընթացքում գիտնականները ծրագրում են հրապարակել ավելի քան 25 հոդված ազդեցության գործակցով տարբեր ամսագրերում։ Նախագծի շրջանակներում արդեն ուղարկված է տպագրության հինգ աշխատանք, որոնցից մեկն էլ ընդունված է տպագրության “Journal d'Analyse Mathématique” բարձր վարկանիշով ամսագրում։
Կրկին վերադառնում ենք գիտության ընդհանուր բնույթի խնդիրների քննարկմանը։ Չէ՞ որ ֆինանսավորման ավելացումից զատ անհրաժեշտ են նաև քայլեր գիտության հանրայնացման համար, հարկ է, որպեսզի գիտության մեջ ներգրավվելը ոչ միայն ձեռնտու լինի, այլև՝ պատվաբեր։ Այդ ոլորտը պիտի գրավիչ դառնա երիտասարդության համար։
«Գիտության հանրայնացման գործընթացը ևս կարևոր նշանակություն ունի գիտության զարգացման համար։ Ես հանրային մարդ չեմ այլ սովորական մաթեմատիկոս, և շատ բան չեմ կարող անել մեդիա ոլորտում։ Ես, կարծում եմ, որ պետք է նպատակաուղղված աշխատել ուսանողների հետ։ Հարկ է երիտասարդներին ցույց տալ մաթեմատիկայի գեղեցկությունն ու մեր կյանքում նրա ունեցած կարևոր դերն ու հնարավորությունները», - ասաց Գրիգորի Կարագուլյանը։
Անահիտ Սարգսյան



























