Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ «Մանկան աչքեր» բարեգործական հիմնադրամը կիրականացնի «Բրալյան տետրերի պատրաստում» ծրագիրը։

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի նպատակն է բրալյան տետրերով ապահովել Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի աշակերտներին: «Բրայլը» ունիվերսալ կետային գրելու համակարգ է կույրերի համար: Այն հնարավորություն է տալիս կույր եւ տեսողության խանգարումներ ունեցող երեխաներին ստանալ կրթություն եւ օգտվել հոգեւոր մշակույթի բոլոր արժեքներից:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում կպատրաստվի 1000 տետր, ինչի շնորհիվ կբարելավվի կույր եւ տեսողության խանգարումներ ունեցող երեխաների ուսումնական գործընթացը` ապահովելով նրանց բրալյան տետրերի որոշ քանակությամբ:

Նշենք, որ «Մանկան աչքեր» բարեգործական հիմնադրամն այն 8 կազմակերպություններից է, որոնք հաղթել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից կրթության ոլորտում ծրագրեր իրականացնող կազմակերպությունների համար հայտարարված դրամաշնորհների բաց մրցույթի արդյունքում։