Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական օպերացիայի ֆոնին ռուսական շուկայից արտասահմանյան խանութների հեռացումից հետո ռուսաստանցիներն ավելի հազվադեպ են սկսել առեւտրի կենտրոններ հաճախել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի առեւտրի կենտրոնների խորհրդի (ՌԱԿԽ) նախագահ Դմիտրի Մոսկալենկոյին։
Նրա խոսքով՝ մարտի կեսերին, երբ արտասահմանյան խանութները հայտարարեցին իրենց հեռանալու մասին, Ռուսաստանի քաղաքացիները հերթ էին կանգնում առեւտրի կենտրոնում: Ավելի ուշ հաճախելիությունը նվազեց 15 տոկոսով, նշել է Մոսկալենկոն։
Նա նաեւ պատմել է, որ առեւտրի կենտրոնները վնասներ են կրում, քանի որ վարձավճարը շրջանառությունից տոկոս է ներառում։ Ընդ որում, ՌԱԿԽ-ի նախագահը մանրամասնել է, որ արտասահմանյան ընկերությունները, որոնք ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը Ռուսաստանում, չեն խզել վարձակալության պայմանագրերն առեւտրի կենտրոնի սեփականատերերի հետ։
«Կոմերսանտ»-ի տվյալներով՝ վատ հաճախելիության պատճառով բջջային օպերատորները խնդրել են ավելի քան 50 տոկոսով նվազեցնել իրենց վարձավճարը, հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեն փակել խանութները։





























