Թերթը գրում է, թե Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, հավանաբար, Չարենցին չի սիրում: Այլապես, նրա թողությամբ ու կարգադրությամբ չէին հատվի 2012-ին գրքի մայրաքաղաք հայտարարված Երեւանում գտնվող Չարենցի տուն-թանգարանի հարեւանությամբ հիմնադրված պուրակի բոլոր ծառերը: Մնացել է միայն Չարենցի ծննդավայրից բերված եղեւնին, որը 2005-ին մի խումբ մտավորականներ տնկել էին Կարսից բերված հող ու ջրով:

Թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի հավաստմամբ, երկու օր առաջ Կարեն Կարապետյանը շրջել է տարածքում ու չի էլ բախել թանգարանի դուռը: Լ. Հակոբյանի տվյալներով, հատված ծառերի տեղում ավտոմայրուղի է լինելու, որը, ըստ Լ. Հակոբյանի հայթայթած նախագծի, տառացիորեն անցնելու է թանգարանի մուտքի մոտով: Թանգարանի տնօրենը գրություն է ուղարկել քաղաքապետարան եւ պատասխան չի ստացել: