Գյումրիի տներից մեկում երկու օր առաջ մահացած վիճակում հայտնաբերված մայրն ու որդին նախնական վարկածով շմոլ գազից են թունավորվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը։
«Բնակարանը գազաֆիկացված չի եղել, ինքնաշեն գազօջախ են սարքել, ռետինե խողովակի տարածությունը չի պահպանվել, գազի արտահոսք է եղել, մահացել են տան երկու բնակիչները։ Մահացած տղամարդը 47 տարեկան էր, իսկ նրա խորթ մայրը՝ 86։ Մեկուկես տարի առաջ էին տեղահանվել Արցախից»,– ասաց Վարդան Թադեւոսյանը։
Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 279–րդ հոդվածի 3–րդ մասի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որոնք անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ):
Ավելի վաղ հաղորդել էինք, որ մայիսի 9–ին, 23:20-ի սահմանում, ԱԻՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Համլետ Սարգսյան 4-րդ նրբանցքի տներից մեկում բնակիչները չեն արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին։ Փրկարարները, բացելով տան դուռը, հայտնաբերել են 2 դի:





























