Ոստիկանները փակել են «Դիմադրության» շարժման ավտոերթի մուտքը դեպի Հանրապետության հրապարակ: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ոստիկանության աշխատակցին խնդրեց պարզաբանել, թե ինչու են արգելու իրենց մուտքը, իրենք կմտնեն հրապարակ, այնտեղից Ամիրյան փողոցով կշարունակեն ավտոերթը դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ նախատեսված է հանրհավաք:

Ոստիկանություն աշխատակիցը պատասխանեց. «Ճանապարհային երթեւեկության, հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման խպատասխանատուն ոստիկանությունն է, տվյալ իրավիճակում խաղաղ երթերի անվտանգ ուղեկցման պատասխնատուն եւս ոստիկանությունն է: Մենք ունենք անվտանգային իրավիճակ, եւ դրանից ելնելով խնդրում ենք, որ երթի ուղղությունը փոխեք»:

Ոստիկանությունը կոչ արեց վարորդներին մեքենաները դուրս բերել երթեւեկելի հատվածից, քանի որ հավաքն անօրինական է:

Կարմիրբերետավորները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:

«Դիմադրության» շարժումն այսօր՝ մայիսի 11-ին Երեւանի փողոցներում տարբեր ուղղություններով անհնազանդության ավոտերթեր է սկսել:

Նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Պետք է ամբողջ քաղաքը լցնենք Արցախի դրոշներով, եռագույններով։ Զուգահեռաբար կշարունակվեն անհնազանդության ակցիաները։ Դրանից հետո ժամը 16:00-ին հավաքվում ենք այս հրապարակում՝ մի կարեւոր հարցի գործով»:

Հիշեցնենք, որ նախօրեին «Դիմադրության» շարժումը Երեւանի տարբեր հատվածներից չորս ուղղություններով անհնազանդության երթեր և ակցիաներ է իրականացրել, իսկ երեկոյան ժամը 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել ամփոփիչ հանրահավաք։