Թուրքիայի Կայսերի նահանգի Թալասի շրջանում գտնվող Գալուստ Սարգիս Գյուլբենկյանի պատմական առանձնատունը կվերանորոգվի եւ կդառնա բուտիք-հյուրանոց։  Այս մասին հայտնել է առանձնատունը գնած գործարար Նեջիփ Դինչերը։

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Նեջիփ Դինչերը նշել է, թե ինքը Գյուլբենկյանի առանձնատունը գնել է Ստամբուլում ապրող մի ընտանիքից։ Նա շեշտել է, որ առանձնատունը վերանորոգելու համար դիմել է Մշակույթային եւ բնական ունեցվածքի պահպանության բարձագույն խորհուրդ։  «Վերանորոգման նախագծի քննարկման ընթացքում բոլոր  ճարտարապետները հիացած էին այդ առանձնատան գեղեցկությամբ։ Խաչի տեսքով կառուցված տունը համարվել է Կապադովկիայի ամենագեղեցիկ կառույցը։  Մտածում ենք, որ այն հայերի եւ հույների համար գեղեցիկ մի վայր է դառնալու»,-նշել է Դինչերը՝ շեշտելով, որ 900 հազար լիրա (600 հազար դոլար) արժողությամբ վերանորոգումից հետո Գյուլբենկյանի առանձնատունը Կայսերիում կխթանի տուրիզմի զարգացմանը։

Նշենք, որ Գալուստ Գյուլբենկյանը ծնվել է 1869-ին։ Սովորել է Ֆրանսիայում եւ Անգլիայում։ Գերազանցությամբ ավարտել է Օքսֆորդի համալսարանը՝ ստանալով ինժեներ-նավթագործի որոկավորում։  21 տարեկանում արդեն ճանաչվել է որպես միջազգային կարգի փորձագետ նավթի հանքերի վերաբերյալ։

Գալուստ Գյուլբենկյանը 1898-ին Օսմանյան կայսրության կողմից Փարիզի եւ Լոնդոնի դեսպանատներում նշանակվել է տնտեսական գծով խորհրդական։  Պողոս Նուբար փաշայի մահվանից հետո ստանձնել է ՀԲԸՄ-ի ղեկավարությունը։

Հայ առաջին միլարդատերը երբեք չի մոռացել իր արմատների մասին եւ մեծ աջակցություն է ցուցաբերել սփյուռքահայությանը։ Նրա հիմնադրամի միջոցներով մինչեւ հիմա աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդներ ստանում են միջնակարգ եւ բարձրագույն կրթություն։