Կրճատումներով ներկայացնում ենք թերթի «Պոտենցիալն է նվազում» խմբագրականը:

Փոքր երկրի պարագայում արտագաղթի հետեւանքներն ավելի ակնառու են լինում: Աչքիդ առաջ, օրեցօր արձանագրում ես մտքի, ինտելեկտի, մասնագետների, խիզախության, քաղաքացիական կեցվածքի նվազումը: Արձանագրում ես ու սարսռում` վերջը՞: Ումո՞վ ենք տնտեսություն պահելու, հող մշակելու, երեխա կրթելու, օրենք մշակելու, թերթ տպելու եւ վարջապես, եթե հարկ լինի` թշնամուն հաղթելու:

Գնում են լավերը, ճարպիկները, առաջադեմները: Նրանք, ովքեր կկարողանան հաղթահարել գաղթականի ու օտարի բարդույթը եւ կկարողանան դիմանալ դրսում տիրող դաժան մրցակցությանը: Հասկանում եմ, որ ասվածի մեջ վիրավորական բան կա մնացողներիս հասցեին:

Բայց նաեւ ամեն օր արձանագրում եմ, որ մի որակյալ ընթերցողով պակասեց մեր լսարանը, մի քիչ ավելի բարդացավ շնորհալի լրագրող գտնելու գործը, գրեթե անհնարին դարձավ հմուտ փորձագետ-մասնագետ գտնելու, նրա կարծիքը թերթ բերելու խնդիրը:

Բոլորն են բողոքում: Լավ բժիշկների, դասախոսների, քաղաքագետների, ծրագրավորողների, դերձակների, թարգմանիչների… բոլորին չթվարկեմ, պակաս կա ամենուրեք: Նրանց մի մասն այսօր տքնում է արտերկրում, հաճախ ոչ իր մասնագիտությամբ: Եվ ո՞վ է հաշվել, թե սա ինչ է նստում մեր պետության վրա եւ ինչքանով է բարդացնում մեր ժողովրդի առաջ ծառացած խնդիրների լուծումը: