Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Սեբայիլի շրջանի դատարանում օգոստոսի 5-ին կայացել է ապրիլի 2-ի չարտոնված ցույցի ժամանակ ձերբակալված 6 անձանց դատավարությունը, որի ընթացքում մի շարք ուշագրավ միջադեպեր են տեղի ունեցել, հաղորդում է ադրբեջանական «Բիզիմ յոլ» լրատվականը:

Աղբյուրը մասնավորապես հայտնում է, որ այս անգամ, ի տարբերություն նախորդ դատավարությունների, լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել դատալսմանը` արգելելով տեսախցիկների առկայությունը դահլիճում: Այդուհանդերձ, դահլիճում գտնվող դատապարտյալներից մեկի 12-ամյա որդին փորձել է լուսանկարել նիստը բջջային հեռախոսով: Դա նկատելով` դատարանի հսկիչներից մեկը նրան քաշքշելով հեռացրել է դատարանի դահլիճից:  Վերադառնալով հսկիչն ասել է, որ երեխային տեղափոխել են առանձին սենյակ` նրա դեմ քրեական գործ հարուցելու նպատակով:

Դահլիճում բարձրացված աղմուկի եւ դժգոհությունների հետեւանքով դատավորը կարգադրել է ազատ արձակել երեխային եւ պարզապես հեռացնել նրան դատական նիստերի դահլիճից:  Ավելի ուշ դահլիճից բռնի մեթոդներով հեռացրել են դատապարտյալներից մեկի տիկնոջը, ով մեղադրել է դատավորին անարդարացի լինելու եւ «պետական պատվեր» կատարելու մեջ:

Դատական գործընթացն սկսելուց առաջ դատարանի առջեւ մեծ թվով մարդիկ են հավաքված եղել: Ներկաների թվում են եղել նաեւ Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերեմլին, «Մուսավաթ» կուսակցության նախագահ Իսա Գամբարը եւ նախկին պատգամավոր Փանահ Հուսեյնը: Նրանց գլխավորությամբ դատարանի առջեւ ակցիա է կայացել, որին, որքան էլ զարմանալի է, ոստիկաններն այդպես էլ չեն միջամտել, եզրափակում է «Բիզիմ յոլ»-ը: