Չորս զինվորների սպանած եւ երեքին վիրավորած Մանվել Հազրոյանը, լսելով դատարանի վճիռը, որով նրան ցմահ ազատազրկվելու դատավճիռ է սպասում, շատ վրդովվեց եւ «Ջերմուկի» պլաստիկե շիշը շպրտեց դատավորի ուղղությամբ: Երեւի ենթադրում էր, որ այդ ոճրագործության համար իրեն շքանշան կտան: Բայց դրանից հետո իրավապահների գործողությունները նույնպես անօրինական էին եւ վերին աստիճանի ոչ պրոֆեսիոնալ. Նրանք հարձակվեցին դատապարտյալի վրա եւ սկսեցին նրան ծեծել` բռնություն կիրառելով նաեւ փաստաբանների նկատմամբ: Պետությունը հենց նրանով է տարբերվում խուժանական «սխոդկայից», որ այստեղ ոճրագործը կրում է օրենքով նախատեսված իր պատիժը (որը, կարծում եմ, տվյալ դեպքում միանգամայն ադեկվատ է) եւ ոչ թե ենթարկվում է Լինչի դատաստանի:
Այս հարցում առանցքային դեր է խաղում ոստիկանների պրոֆեսիոնալիզմը եւ անկաշառությունը: Դրանք, ինչպես հայտնի է, փոխկապակցված հատկանիշներ են. որքան շատ ես դու հարգում քո մասնագիտությունը, որքան շատ ես խորացել դրա մեջ, այնքան քիչ է հավանականությունը, որ դու այդ մասնագիտությունը կստորադասես «գրդոնին»: Աշխատել ոչ թե պետության, այլ սեփական գրպանի եւ թայֆայի համար, բացի ամեն ինչից, նաեւ ոչ արհեստավարժ լինելու հետեւանք է:




























