Կենտրոն - Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, այսօր` օգոստոսի 9-ին, ժամը 11:00-ին կվերսկսվի «Երեւան Ջուր» ընկերության լուծարված «Ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության» տնօրինության աշխատակիցների հայցի քննարկումն ընդդեմ «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի: Այն հետաձգվել էր հայցվոր կողմի ներկայացուցչի միջնորդությամբ` հայցի հիմքը փոփոխելու նպատակով:
Հիշեցնենք, որ «Երեւան Ջուր» ՓԲԸ, ելնելով աշխատանքային նպատակահարմարությունից, իր իրավասությունների շրջանակներում ապրիլին համակարգում իրականացրել էր կառուցվածքային եւ հաստիքային փոփոխություններ: Դրա արդյունքում օրենքով սահմանված կարգով եւ նախնական գրավոր ծանուցմամբ լուծարվել էին մի շարք ստորաբաժանումներ եւ կրճատվել մոտ 90 հաստիք, այդ թվում «Ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության» տնօրինությունն իր մոտ 40 աշխատակիցներով:
Վերջիններս, համաձայն չլինելով ընկերության տվյալ քայլի հետ, դիմել էին դատարան` վիճարկելով ընդունված որոշման օրինականությունը: Հուլիսին կայացել էր դատական առաջին նիստը, որի ժամանակ հայցվոր կողմը նիստը հետաձգելու միջնորդություն էր խնդրել դատարանից` հայցի հիմքը փոփոխելու նպատակով:
Այս առնչությամբ, «Երեւան Ջուր»-ից NEWS.am-ին հայտնեցին, որ «ընդունելով լուծարված տնօրինության աշխատակիցների իրավունքը` պաշտպանել սեփական շահերը, «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն, գիտակցելով սեփական իրավացիությունը, իր հերթին պատրաստակամ է ներկայացնել Ընկերության տեսակետը եւ ապացուցել ընդունած որոշման օրինականությունն ու նպատակահարմարությունը»:
Միաժամանակ, «Երեւան Ջուրը» նշել է, որ մինչ օրս հայցվոր կողմից եւ դատարանից չի ստացել որեւէ փաստաթուղթ հայցադիմումի փոփոխված տարբերակի վերաբերյալ:



























