Երեւանում օգոստոսի 9-ի երեկոյան ժամը 22:15-ի սահմաններում, Կարապի լճի մոտ ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկված, ապա ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկված ՀԱԿ-ի 7 ակտիվիստները հանդես են եկել հայտարարությամբ:

Նրանք իրենց հայտարարության մեջ նշում են, որ քանի որ միջադեպին մասնակցել եւ իրենց նկատմամբ բռնություն են կիրառել «կարմիր բերետավորներն» ու Կենտրոնի ոստիկանության աշխատակիցները, ոստիկանության Կենտրոնի բաժանմունքը չի կարող անաչառ քննել եւ պարզել միջադեպի մանրամասներն, ուստի ակտիվիստները պահանջում են, որպեսզի քննչական գործողություններն իրականացվի Հատուկ քննչական ծառայության կողմից:

Բերման ենթարկված երիտասարդներն են Տիգրան Առաքելյանը, Սահակ Մուրադյանը, Արեգ Գեւորգյանը, Սարգիս Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանը եւ Վահագն Գեւորգյանը:

Բերման ենթարկված ՀԱԿ-ի ակտիվիստների փաստաբաններին եւ շտապ օգնության բժիշկներին երկար ժամանակ թույլ չեն տվել մտնել ոստիկանական բաժանմունք: Ի վերջո, երիտասարդներին պաշտպաններին դա թույլ են տվել, որից հետո փաստաբան Վահե Հովսեփյանը դուրս գալով հայտարարել է, որ երիտասարդների վրա ակնհայտ բռնության հետքեր են եղել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կարապի լճի մոտ երիտասարդները մոտեցել են ՊՊԾ գնդի աշխատակիցներին, երբ վերջիններս ստուգելիս են եղել մի քանի անցորդների: Երիտասարդները պահանջել են հիմնավորել իրենց գործողությունները, որից հետո էլ հենց ոստիկանները բռնություն են գործադրել եւ ծեծի ենթարկել երիտասարդներին:

ՀԱԿ-ի ակտիվիստներին տեղափոխել են ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Facebook սոցիալական ցանցում հայտարարություններ են տարածվում, որում մարդիկ միմյանց տեղեկացնում են դեպքի մասին եւ կոչ անում այցելել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Երեւանի Կենտրոնի ոստիկանության մոտ տասնյակ մարդիկ են հավաքվել, ովքեր լուրերի են սպասում  բաժնում գտնվող ակտիվիստների մասին: ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի ներկայացմամբ, տղաները լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել եւ օգնության կարիք ունեն:

Ոստիկանության Կնետրոնականի բաժնի մոտ հավաքվածներին են միացել նաեւ ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Արման Մուսինյանը, Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատրյանը:

Նկարում` ՀԱԿ-ի ձերբակալված ակտիվիստները ոստիկանությունում