Հանրապետական պատգամավոր, իշխանություն-ընդդիմություն բանակցություններում իշխող կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն իր ուշադրության կենտրոնում է պահում Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների հետ տեղի ունեցած միջադեպը եւ հետեւելու է, որ ամեն ինչ ընթանա օրենքի սահմաններում: Այդ մասին պատգամավորը հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում` մեկնաբանելով օգոստոսի 9-ին տեղի ունեցած միջադեպը, երբ ՀԱԿ-ի 7 ակտիվիստների բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանատուն:
«Ճիշտն ասած, իրարամերժ տեսակետներ եմ լսել: Ես Լեւոն Զուրաբյանին առաջարկել եմ միասին գնալ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետի հետ, բայց նա մերժեց իմ առաջարկությունը: Ամեն դեպքում ես Կենտրոնի ոստիկանապետի հետ կապի մեջ եմ, որ եթե նրանք ցանկություն ունենան, հանդիպեն: Ոստըիկանությունը երաշխավորել է, որ ամեն ինչ կկատարվի օրենքի խստագույն պահպանմամբ: Որպես պատգամավոր ես գործընթացը կպահեմ իմ ուշադրության կենտրոնում»,- նշեց Հարությունյանը:
Նա նաեւ ձեռնպահ մնաց գնահատական տալուց ակտիվիստների կամ ոստիկանների գործողություններին. «Այս պահին ես կարեւորում եմ, որ օրենքի տառը պահպանվի»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ՀԱԿ 7 ակտիվիստների` Տիգրան Առաքելյանին, Սահակ Մուրադյանին, Արեգ Գեւորգյանին, Սարգիս Գեւորգյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին եւ Վահագն Գեւորգյանին: Հելսինկյան Ասոցիացիայի փոխանցմամբ, Կարապի լճի մոտ երիտասարդները մոտեցել են ՊՊԾ գնդի աշխատակիցներին, երբ վերջիններս ստուգելիս են եղել մի քանի անցորդների: Երիտասարդները պահանջել են հիմնավորել իրենց գործողությունները, որից հետո էլ հենց ոստիկանները բռնություն են գործադրել եւ ծեծի ենթարկել երիտասարդներին:
Բերման ենթարկված ՀԱԿ-ի ակտիվիստների փաստաբաններին եւ շտապ օգնության բժիշկներին երկար ժամանակ թույլ չեն տվել մտնել ոստիկանական բաժանմունք: Ի վերջո, երիտասարդներին պաշտպաններին դա թույլ են տվել, որից հետո փաստաբան Վահե Հովսեփյանը դուրս գալով հայտարարել է, որ երիտասարդների վրա ակնհայտ բռնության հետքեր են եղել:
Երեւանի Կենտրոնի ոստիկանության մոտ տասնյակ մարդիկ են հավաքվել, ովքեր լուրերի են սպասում բաժնում գտնվող ակտիվիստների մասին:




























