Հայաստանի ոստիկանությունը պարզաբանել է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդներին բերման ենթարկելու հանգամանքը: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ օգոստոսի 9-ի երեկոյան, ժամը 21.20-ի սահմաններում, Օպերայի հրապարակի շրջակայքում ծառայություն կատարող ոստիկանները հասարակական կարգը խախտելու համար դիտողություն են արել մի քաղաքացու:

«Այդ պահին ոստիկանական վերակարգին են մոտեցել մի խումբ երիտասարդներ, միջամտել են իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների գործողություններին, վիրավորել նրանց, սեռական բնույթի հայհոյանքներ տվել:

Նրանց կարգի հրավիրելու բոլոր փորձերն ապարդյուն են անցել. նրանք շարունակել են սադրիչ եւ խուլիգանական գործողությունները: Ոստիկանական վերակարգը, օժանդակ ուժեր կանչելով, փորձել է վերականգնել հասարակական կարգը, սակայն երիտասարդները հրմշտոց  են հրահրել ու դիմադրություն ցույց տվել:

Ոստիկանական կարգախմբերին, ի վերջո, հաջողվել է զսպել հասարակական կարգը խախտողներին ու բերման ենթարկել ոստիկանության բաժին:  Այդ ընթացքում նրանցից մեկը հարվածել է իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանին, ով դեմքի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բերման ենթարկվածները սադրիչ ու խուլիգանական գործողությունները շարունակել են նաեւ բաժնում»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ՀԱԿ 7 ակտիվիստների` Տիգրան Առաքելյանին, Սահակ Մուրադյանին, Արեգ Գեւորգյանին, Սարգիս Գեւորգյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին եւ Վահագն Գեւորգյանին: