Երեւանի Փափազյան փողոցում պայթյունավտանգ իրավիճակ է, Երեւանի քաղաքապետարանի, Արաբկիրի վարչական շրջանի վարչակազմի եւ ոստիկանության աշխատակիցները փորձում են ապամոնտաժել կրպակները, իսկ կրպակատերերը մինչեւ անգամ պատրաստ են ձեռնամարտի դիմել իրենց իրավունքները պաշտպանելու համար:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ բնակիչների ահազանգով առավոտյան ժամը 8:30-ին պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանի եւ Զարուհի Փոստանջյանի հետ հասել է տարածք:

«Շատ պայթյունավտանգ իրավիճակ էր: Ոստիկաններ, կարմիր բերետավորներ, թաղապետարանի աշխատակիցներ, որոնք փորձում էին ապամոնտաժել Փափազյան փողոցի կրպակները, որոնց եզրերով շարվել էին կրպակատերերը: Շատ վտանգավոր իրավիճակ առաջացավ: Մարդիկ ուժից պաշտպանվելու համար հարկադրված քարեր էին նետում տեխնիկայի վրա, որը պատրաստվում էր մոտենալ կրպակներին»,- նշեց պատգամավորը եւ հավելեց. «Օրվա տարբեր պահերի կրկին բռնկումներ եղան:

Կառավարության ներկայացուցչին ենք հրավիրել: Քաղաքացիների բողոքների քննության վարչության պետի` Ալեքսանդր Ղազարյանի հետ միասին այցելել ենք վարչական շրջանի ղեկավարին, փորձել ենք համոզել, որ քանի դեռ հարցը քննարկված չէ պատկան մարմիններում, ձեռնպահ մնան ապամոնտաժման աշխատանքներից, համաձայնություն, սակայն, ձեռք չի բերվել: Այս պահին հարաբերական անդորր է»:

Ըստ Սաֆարյանի, վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանն առաջարկել է երկրորդական փողոցներում տեղ գտնել կրպակները տեղափոխելու համար, բայց չի համաձայնվել ապամոնտաժումը դադարեցնել:

Ստեփան Սաֆարյանը նշեց, որ ըստ էության որեւէ որոշում ցույց չեն տվել, որ պետք է ապամոնտաժել կրպակները: «Կա ընդամենը ծանուցում, հիշատակում քաղաքապետարանի հանձնարարականի, բայց այդ հանձնարարականը ոչ ոք չի տեսել, այն պաշտոնապես մեկնաբանել են որպես կրպակները գույքագրելու հանձնարարական եւ ոչ ավելին:

Վաղ առավոտից որքան էլ պահանջում ենք ներկայացնել որեւէ փաստաթուղթ, ոչինչ չեն ներկայացնում: Փոխարենը սպառնում են քաղաքացիներին: Միակ բանը, որ ասում են քաղաքացիներին, դա այն է, թե նրանց հողի վարձակալության ժամկետները սպառվել են»,- ասաց պատգամավորը: