Այսօր` օգոստոսի 10-ին լրանում է Սեւրի դաշնագրի ստորագրման 91-ամյակը: Այս կապակցությամբ, NEWS.am-ը ներկայացնում է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանի հոդվածը, մասնակի կրճատումներով.
«Սեւրի դաշնագրի եւ հատկապես նրա հիման վրա կայացած նախագահ Վիլսոնի իրավարար վճիռի 90-ամյակի առիթով Հայաստանի նախագահը կատարեց շատ կարեւոր, նույնիսկ աննախադեպ հայտարարություն: Նախագահ Սարգսյանը խոսեց Սեւրի դաշնագիրի եւ վիլսոնյան վճիռի իրավական եւ այժմեական նշանակության մասին: Այս հայտարարությունը համապատասխան արձագանգ չգտավ հայկական լրատվական, քաղաքական եւ առհասարակ հասարակական շրջանակներում: Այս մէկը փաստորեն հայոց պահանջատիրության պետականացումի համազոր արարք էր:
ՀՀ երկրորդ նախագահը, օրին, ի պատասխան «CNN Turk»-ի իրեն հղած հարցումի, թե պաշտոնական Երեւանը հողային պահանջ ունի՞ Թուրքիայից, հստակացնում է, որ Երեւանն այսօր հողային պահանջ չունի Թուրքիայի նկատմամբ: Այս համատեքստում, իրոք, նախագահ Սարգսյանի հայտարարությունն աննախադեպ էր:
Նույնիսկ ծաղկաձորյան ելոյթը այս առումով համեմատաբար թույլ էր եւ չէր բովանդակում այն հստակությունը, որ նախագահ Սարգսյանը բանաձեւել է իրավարար վճռի 90-ամյակին առիթով: Կարելի է հիշել նաեւ նախագահի ամերիկյան ուղեւորության ընթացքում նախագահ Վիլսոնի շիրիմին այցելությունը, որ այս առումով հստակ խորհուրդ ու պատգամ էր փոխանցում ինչպես ներազգային, այնպես էլ արտաքին եւ հատկապես Թուրքիայի ուղղություններով:
Հստակ չեն այն պատճառները, թե ինչո՞ւ նման զգայացունց հայտարարությանն ի պատասխան թուրքական թե՛ լրատվական դաշտը, թե՛ պետական ավագանին անարձագանգ մնացին, մինչդեռ, ծաղկաձորյան ելույթի նկատմամբ ցուցաբերեցին հիվանդագին հակազդեցությունների մի շղթա: Նախընտրելի էր հավանաբար լուռ մնալ իրավական դաշնագրի վերհիշեցման դիմաց, սակայն աղմկարարություն սարքել մի ելույթի աղավաղված լրատվության առիթով: Այլապես, երկու դեպքերում էլ, իրենց բովանդակային տարբերություններով հանդերձ, հստակորեն վերաբերում էին հայոց համազգային պահանջատիրության հիմնախնդիրին:
Երկար ժամանակ համազգային եւ պետական մակարդակներում Սեւրի դաշնագիրը աննկատ մնալուց հետո, ասպարեզ բերվեց միջազգային իրավագիտության փորձագետների կողմից եւ վերստին մուտք գործեց հայ քաղաքական մտածողության օգտագործած քաղաքական եզրաբանություններուն մեջ: Այս ընթացքի բարձարկետը եղավ նախագահ Սարգսյանի հայտարարությունը: Երեւանը բարձրագույն մակարդակով բարձրաձայնում է դաշնագիրի եւ վճիռի այժմեականության ու ներկայացված իրավական նշանակության մասին:
Նվաճված այս բարձրակետից հետո սակայն, Երեւան-Անկարա արձանագրությունների տակ հայկական ստորագրություն թողելը քաղաքական տրամաբանության հետ աղերս չունի: Այդ արձանագրությունների մեջ Սեւրի դաշնագրին եւ Վիլսոնի վճիռին ոչ միայն հակասող բաժիններ կան, այլ նաեւ այդ նախանշաններն ու սկզբունքները հարվածող, ջրող, չեզոքացնող սկզբունքային կետեր:
Սեւրի դաշնագրի եւ իրավարար վճռի վերաբերյալ նախագահի հայտարարության բովանդակային ուղենիշերին ընդառաջ` Երեւանն անհապաղ պետք է հետ վերցնի իր ստորագրությունը Երեւան-Անկարա արձանագրություններից:



























