Ադրբեջանի նախագահի խոսքերը, թե ղարաբաղյան հակամարտության բանակցությունները պետք է շարունակվեն, դրական տարր են պարունակում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` մեկնաբանելով Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սոչիում օգոստոսի 9-ին կայացած հանդիպումը: Նրա խոսքով, հիմքեր չկան հանդիպումը բացասական գնահատելու համար:
Ըստ Մանոյանի, մյուս կողմից Ալիեւի այս հայտարարությունը վկայում է, որ Ադրբեջանը դժգոհ է միջնորդների առկա առաջարկություններից եւ ցանկանում է հետագա բանակցությունների միջոցով ինչ-որ բան փոխել:
Մանոյանը տարօրինակ ինչ-որ բան է նկատել Ալիեւի խոսքում: «Մինչ այս անընդհատ խոսում էին, թե նա ցանկանում է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել միջազգային իրավունքի հիման վրա, իսկ այժմ Ալիեւը ասել է, որ խոսքը գնում է միջազգային իրավունքի եւ ողջամտության մասին: Ողջամտությունը, իհարկե, լավ է, բայց շատ տարողունակ հասկացություն է: Նշանակում է, Ալիեւին չի բավարարում բացառապես միջազգային իրավունքի վրա հիմնված լուծումը»,- ընդգծել է Մանոյանը:
Ամփոփելով` մանոյանն ասել է, որ հանդիպումը լավատեսության առիթ լինել չի կարող: «Դա փոքրիկ քայլ էր, որ բանակցությունները կշարունակվեն եւ պատերազմ չլինի: Բայց Ադրբեջանի գլոբալ դիրքորոշումը չի փոխվել եւ չի փոխվի ապագայում»,- ասել է նա:
Նշենք, որ օգոստոսի 9-ին Իլհամ Ալիեւը Դմիտրի Մեդվեդեւի հրավերով այցելել էր Սոչի, հանդիպումը տեւել էր 4 ժամ: Հանդիպմանը խոսք է գնացել ղարաբաղյան հակամարության կարգավորման գործընթացի մասին:




























