Meta Corporation-ը, որին պատկանում է Facebook-ը եւ Instagram-ը, որոշել է դադարեցնել երկու խցիկով խելացի ժամացույցների մշակումը եւ փոխարենը կզբաղվի ձեռքի այլ գաջեթներով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրին։
Ըստ աղբյուրի՝ կորպորացիայի աշխատակիցներին այս շաբաթ տեղեկացրել են, որ Milan անվանումով ժամացույցների արտադրություն այլեւս չի նախատեսվում։ Նախնական պլանի համաձայն՝ դրանք պետք է թողարկվեին 2023 թվականի գարնանը եւ արժենային 349 դոլար։ Այս որոշման հնարավոր պատճառներից մեկը, ինչպես գրում է գործակալությունը, ծախսերը նվազեցնելու ընկերության ցանկությունն է։
Milan անվանումով սարքն ընկերությունը մշակել է առնվազն երկու տարի։ Խելացի ժամացույցը նախագծվել է այնպես, ինչպես այլ ընկերությունների անալոգային տարբերակները։ Դրանց հիմնական տարբերությունը պետք է լիներ երկակի տեսախցիկը, որը նորույթին պետք է առանձնացներ մրցակիցներից, մասնավորապես՝ Apple Watch-ից։ Սարքի տեսախցիկներից մեկը տեղադրված է եղել դիսփլեյի տակ, այն հնարավոր էր ակտիվացնել ժամացույցի թվացույցը ժապավենից հանելով։ Սակայն նման տեսախցիկի առկայությունը խանգարել է սարքին կատարել իր մյուս գործառույթը՝ մարդու օրգանիզմի ազդանշանները ժամացույցի համար հրամանների վերածել։
Ընկերության ղեկավարությունը, ըստ գործակալության, խելացի ժամացույցը համարել է մետատիեզերքի նախագծի մաս, որը կօգներ ընդլայնել օգտատերերի միջեւ հաղորդակցության հնարավորությունները։ Չնայած Milan ժամացույցի մշակումը դադարեցնելու որոշմանը, Meta-ն ակնկալում է այլ սարքեր ստեղծել, իսկ երկակի տեսախցիկով խելացի ժամացույց ստեղծելու գաղափարները կօգտագործվեն նոր նախագծերում, կարծում է Bloomberg-ը։





























