Նորվեգական Equinor նավթարդյունահանող ընկերությունը նավթի եւ գազի նոր հանքավայր է հայտնաբերել Բարենցի ծովում, տեղեկացվել է ընկերության կայքում։
«Հորատման աշխատանքներն իրականացվել են անվտանգ եւ արդյունավետ։ Նոր հանքավայրն ուսումնասիրվում է մեր գործընկերների հետ միասին, մենք կդիտարկենք նաեւ նավթարդյունահանման այս նոր վայրի հետագա զարգացման հնարավորությունը»,- նշել են ընկերությունում։
Այստեղ նաեւ ավելացրել են, որ հանքավայրը պարունակում է մոտ 5-10 մլն բարել նավթ։ Բայց հայտնաբերված գազի ծավալի մասին ընկերությունում չեն տեղեկացրել։
Հունիսի 6-ին լեհական PGNiG նավթագազային կոնցեռնը հայտարարել էր, որ մտադիր է ավելի քան 160 մլն դոլար ներդնել նավթագազային հանքավայրերի ընդլայնման նպատակով։ Հաղորդագրությունում նշվել էր, որ դրա արդյունքում կավելանան նավթի եւ գազի ծավալները։ Բացի այդ, հանքավայրերի շահագործման ժամկետը կարող է ավելանալ մոտ 20 տարով։




























