Ծեծի ենթարկված ապա ձերբակալված ՀԱԿ-ի ակտիվիստները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշում են, որ շարունակելու են պայքարել ՀՀ քաղաքացի հանդիսացող յուրաքանչյուր քաղաքացու ոտնահարված իրավունքների համար:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ընդդեմ ոստիկանական ապօրինությունների» նախաձեռնության անդամ, Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները, բազմաթիվ անգամ նկատելով ՀՀ երիտասարդ քաղաքացիների նկատմամբ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից կիրառվող ապօրինի գործողությունները, միջամտել են՝ փորձելով կանխել նմանատիպ երեւույթները: Քաղաքացիական գիտակցության նմանատիպ դրսեւորումը չէր կարող չգրգռել հայրենի «իրավապահների» զգայուն նյարդերը:
Սույն թվականի օգոստոսի 9-ին երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում երիտասարդները, Երեւանի կենտրոնում հերթական անգամ տեսնելով իրավապահ մարմինների ոչ օրինաչափ գործողությունները քաղաքացիների նկատմամբ, փորձել են կանխել քաղաքացիների իրավունքների ոտնահարումը, ինչի հետեւանքով ոստիկանները բռնի ուժ են կիրառել երիտասարդընդդիմադիրների նկատմամբ՝ ինչպես դեպքի վայրում, այնպես էլ՝ Ոստիկանության Կենտրոնի բաժնում:
Մենք՝ Կոնգրեսի երիտասարդ անդամներս, դատարապտելով ոստիկանների հանցավոր գործունեությունը՝ վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ պայքարել ՀՀ քաղաքացի հանդիսացող յուրաքանչյուր քաղաքացու ոտնահարված իրավունքների համար՝ անկախ վերջինիս քաղաքական եւ այլ հայացքներից եւ կոչ ենք անում երիտասարդներին ծանոթանալ սեփական իրավունքներին ու պայքարել դրանց համար:
Մենք չենք վախեցել ու չենք վախենում ո՛չ օրինազանց իրավապահների մահակներից, ո՛չ էլ՝ բանտերից: Մեր պայքարը հանուն օրինական պետության է, մենք պայքարում ենք հանուն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ կյանքի: Պայքար, պայքար մինչեւ վերջ»:




























