Ինչպես հայտնի է, աշխարհում պարենային ճգնաժամ է հասունանում։ Դեռեւս անցյալ տարի պարենային ապրանքների գների ինդեքսը հասել էր իր 10 տարվա առավելագույնին։ Ընթացիկ տարում իրավիճակն էլ ավելի է վատացել, մի շարք երկրներում սովի իրական սպառնալիք է առաջացել։

Արտասահմանյան փորձագետների կարծիքով՝ պարենային ապրանքների թանկացման հետեւանքները հատկապես ծանր կլինեն «զարգացող» երկրներում։ Այսինքն, մեր երկրում՝ իր եկամուտների ցածր մակարդակով, ներկրվող ապրանքներից շուկայի մեծ կախվածությամբ, շուկայի կենտրոնացվածությամբ եւ այլն։

Հայաստանում պաշտոնական տվյալներով մայիսին տարեկան ինֆլյացիան կազմել է 9,0 տոկոս։ Առաջին հայացքից աշխարհում ներկայիս իրավիճակի համար ցուցանիշը սենսացիոն չէ։ Օրինակ՝ եվրոգոտում նշված ամսում ինֆլյացիան հասել է 8,1 տոկոսի։ Սակայն պետք է հաշվի առնել մեկ հանգամանք։

Զարգացած երկրներում էներգակիրները հաճախ ծառայում են որպես գնաճի «լոկոմոտիվ»։ «Զարգացող» երկրների համար բնորոշ են ագրոինֆլյացիայի գերազանցող տեմպերը։ Ամեն դեպքում, նման բան վերջին տարիներին մեզ մոտ դիտարկվում է։ Մայիսը բացառություն չի եղել. մեկ տարվա ընթացքում պարենային ապրանքների գները միջինը աճել են երկնիշ ցուցանիշով՝ 14,5 տոկոսով։

Հատկապես տագնապալի կարելի է համարել հացամթերքի եւ ձավարեղենի կտրուկ թանկացումը՝ 15,6 տոկոսով (ներառյալ հացը՝ 14,1 տոկոսով)։ Որքան փոքր է ընտանեկան բյուջեն, այնքան մեծ է դրանում սննդի ծախսերի մասնաբաժինը։ Դե, իսկ «աղքատ» ընտանիքների սննդակարգի հիմքը համեմատաբար էժան հացն է։ Սակայն վերջինս, թանկացման այսպիսի տեմպերով, շուտով կարող է «դելիկատես» դառնալ։

Միայն սննդամթերքով ինքներս մեզ բավարարելու բարձր մակարդակի դեպքում կարելի է հաջողությամբ դիմակայել արտաքին գործոններին։ Թվում է թե այս առումով բանջարեղենի հետ կապված կատարյալ վիճակ ունենք՝ բուսաբուծության արտադրանքի մի մասը մենք նույնիսկ արտահանում ենք։

Ի դեպ, այստեղ մի հարց կա՝ վնաս չի՞ հասցվում արդյոք ներքին շուկային գյուղատնտեսական արտադրանքի չվերահսկվող արտահանումից։ Չէ որ հանրապետությունում ապրանքային առաջարկը կրճատվում է։ Հետեւաբար, գներն աճում են։ Անցած տարի, օրինակ, միայն 35,5 հազար տոննա լոլիկ է արտահանվել հանրապետությունից։

Դատելով գներից՝ բանջարեղենի «կատարյալ վիճակը» պարզապես առասպել է։ Մայիսին այս ապրանքների միջին գները գրանցել են ռեկորդային աճ՝ տարեկան կտրվածքով ավելի քան 1,5 անգամ։ Համեմատությունը տրված է տարվա համար, ուստի սեզոնայնության գործոնն այստեղ դեր չի խաղում։

Վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտում նկատվում են անբարենպաստ միտումներ, որոնք ինքնին, առանց արտաքին ազդեցության, կարող են հանգեցնել գների հետագա բարձրացման։ Անասնաբուծության մեջ ավելացել են նոր խնդիրներն ու խորացել են հները՝ ամառային արոտավայրերի փաստացի կորուստը (Արցախում եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում), տնային անասունների կերի անբավարարությունն ու թանկությունը, կենդանիների հիվանդությունների հավերժական սպառնալիքը, եւ այլն: Արդյունքում անասնաբույծները ստիպված անասուններին ուղարկում են սպանդի եւ հաճախ՝ վերջնականապես հրաժարվում դրանց պահել:

Բուսաբուծության մեջ խնդիրներ կան ցանքատարածությունների հետ կապված՝ աճի փոխարեն առանձին մշակաբույսերի անկում է նկատվում։ Ոլորտի վրա բացասաբար են անդրադառնում պարարտանյութերի եւ դիզվառելիքի թանկությունը, կրկին գյուղտեխնիկայի եւ հողերի մելիորացիայի հետ կապված հավերժական խնդիրները։

Հայաստանին բնորոշ ֆերմերային փոքր տնտեսությունները մի շարք այլ երկրներում պահպանվում են միայն պետական սուբսիդիաների եւ դոտացիաների շնորհիվ։ Իսկ մեր գյուղացիներն իրենք իրենց հույսին են թողնված։ Հասկանալի է, որ առանց պետական աջակցության «թույլ» տնտեսությունները չեն կարող լիարժեք օգտագործել նույնիսկ իրենց ունեցած սուղ հնարավորությունները։ Այս պայմաններում շատ գյուղացիներ նախընտրում են գումար վաստակել օտար երկրում (հիմնականում Ռուսաստանում)՝ համալրելով արտագնա աշխատողների շարքերը։

Տիգրան Վարդանյան