Ակտիվ Android-սմարթֆոնների մոտ 20 տոկոսը դադարել է անվտանգության կարգավորումներ ստանալ՝ Google-ի կողմից աջակցության դադարեցման պատճառով, ինչը գաջեթները խոցելի է դարձնում հաքերների համար։ Մինչեւ 2022 թվականի վերջը այս թիվն էլ ավելի կմեծանա, հայտնում է Gizchina պորտալը՝ վկայակոչելով կիբեռանվտանգության Bitdefender ընկերության հետազոտությունը։
Ընկերության համակարգչային անվտանգության փորձագետները նշում են, որ Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերը զբաղեցնում են շուկայի մոտ 70 տոկոսը, եւ այդ գաջեթներից շատերը վտանգի են ենթարկված, քանի որ Google-ի կողմից այլեւս աջակցություն չեն ստանում։ Օգտատերերի կողմից օգտագործվող որոշ սմարթֆոններ դեռ աշխատում են Android-ի հին տարբերակներով, որոնք դադարել են անվտանգության կարգավորումներ ստանալ:
Նշվում է, որ դեռ կարելի է գտնել տասը տարի առաջ թողարկված Android-սարքեր, եւ այդ գաջեթները շատ ավելի հայտնի են, քան կարող է թվալ։ Ընկերությունը վերլուծել է սմարթֆոնները, որոնք օգտագործում են Bitdefender-ի հակավիրուսային լուծումների հավելվածը։
Bitdefender-ի ուսումնասիրության համաձայն՝ Android-ի արդիական 11 եւ 12 տարբերակներից օգտվում են օգտատերերի համապատասխանաբար 29,15 եւ 46,47 տոկոսը։ Սակայն Android 9-ով եւ ՕՀ-ի ավելի վաղ տարբերակներով գործող սմարթֆոնների թիվը ներկայումս կազմում է մոտ 20 տոկոս:
2022 թվականի սեպտեմբերին այս թիվը կավելանա եւս 15,03 տոկոսով։ Google-ը կթողարկի Android 13-ը եւ կդադարեցնի իր օպերացիոն համակարգի տասներորդ տարբերակի աջակցությունը։ Այսպիսով, օգտատերերի թիվը, որոնք վտանգում են իրենց տվյալների անվտանգությունը, կկազմի 35 տոկոս:
Bitdefender-ը խորհուրդ է տալիս նոր սմարթֆոն գնելիս հաշվի առնել արտադրողի թարմացումների աջակցության ժամկետը։





























