Net4Gas բնական գազի փոխանցման համակարգի չեխական օպերատորը հայտնել է, որ արձանագրել է գազի տարանցման ընդհանուր կրճատում, սակայն Չեխիա մատակարարումները չեն սահմանափակվել:
Գազի առաջատար ներկրող Innogy Ceska Republika-ը հայտարարել է, որ մատակարարումները չեն կրճատվում, մինչդեռ CEZ էներգետիկ ընկերությունն ասել է, թե ուղղակիորեն ռուսական «Գազպրոմ»-ից եկող իր մատակարարումների փոքր մասի կրճատում է եղել:
Հինգշաբթի օրը Եվրոպա «Հյուսիսային հոսք 1» գազատարով ռուսական գազի մատակարարումները նվազել են այն բանից հետո, երբ «Գազպրոմը» հայտարարել է հզորությունների կրճատման մասին, թեեւ հոսքերը Ուկրաինայի տարածքով մնացել են կայուն:
Հզորության երկրորդ կրճատումն այն է, որ «Հյուսիսային հոսք 1»-ը կաշխատի միայն 40 տոկոս հզորությամբ: «Գազպրոմը» հայտարարել է, որ կրճատումն անհրաժեշտ է եղել վերանորոգման ուղարկված սարքավորումների վերադարձն ուշացնելու պատճառով:
Չեխիան իր բնական գազի մատակարարումների գրեթե 100 տոկոսը ստանում է Ռուսաստանից, սակայն գնորդների մեծ մասը գազը գնում է օտարերկրյա թրեյդերների միջոցով, այլ ոչ թե ուղղակիորեն «Գազպրոմ»-ից։
«Ներկայումս մենք տեսնում ենք գազի տարանցման ընդհանուր կրճատում, սակայն Չեխիա մատակարարումները չեն սահմանափակվում», - ասել է Net4Gas-ի ներկայացուցիչը՝ պատասխանելով Reuters-ի հարցերին:
CEZ-ը հայտնել է, որ «Գազպրոմն» իրեն տեղեկացրել է մատակարարումների կրճատումների մասին, սակայն դա վերաբերել է միայն «Գազպրոմից» ստացվող իր գնումների փոքր մասին:




























