Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը եւ նրա հայ գործընկեր Սերժ Սարգսյանը օգոստոսի 11-ին մասնակցել են «Արմենիա» առագաստանավի դիմավորման արարողությանը, որը ժամանել էր Լիմասոլի նավահանգիստ (Կիպրոս): Այդ մասին գրում է Cyprus Mail-ը:
Լիմասոլն «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա ճանապարհորդության վերջին հանգրվանն էր, որն սկսվել էր 2009 թ. մայիսի 18-ին Վալենսիայից (Իսպանիա): «Արմենիա» առագաստանավի` Լիմասոլ նավահանգիստ ժամանումը համընկնում է Հայաստանի անկախության 20-ամյակի հետ: Իր հայ գործընկերոջը դիմելով` Կիպրոսի նախագահն ասել է, որ ուրախ է Կիպրոսում դիմավորել Սերժ Սարգսյանին եւ «Արմենիա» առագաստանավը:
«Մեծ պատիվ է, որ այդ ճամփորդությունն ավարտվել է Կիպրոսում, դա հայ-հունական փայլուն հարաբերությունների խորհրդանիշ է:
Կիպրոսի եւ Հայաստանի եղբայրական հարաբերությունների հիմքը ընդհանուր ավանդույթներն ու զարգացման համար պայքարն է` հիմնված միջազգային իրավունքի, խաղաղության, անկախության, ազգերի ազատության եւ մարդու իրավունքների պահպանման վրա»,-ասել է Դիմիտրիս Խրիստոֆիասը:




























