Հարցազրույց «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Կարեն Զաքարյանի հետ
Պրն. Զաքարյան, բորսայի գործադիր ղեկավարի փոփոխությունը զուտ կադրային հարց էր, թե՞ բորսայի քաղաքականության փոփոխության սպասենք:
Մենք նպատակ ունենք բորսան դարձնել այնպիսի ինստիտուտ, որտեղ շուկայի մասնակիցները կարող են ստանալ բոլոր հնարավոր բորսայական ծառայությունները: Բոլոր հնարավոր ֆինանսական գործիքները, որ կարող են շրջանառվել բորսայում, պետք է մատչելի լինեն: Մենք շարունակաբար ընդլայնում ենք մեր գործիքակազմը: Ռեպոյի գործիքը ներդնելուց հետո անցյալ տարի գործարկեցինք միջբանկային վարկային հարթակը, հիմա լուրջ աշխատանքներ ենք տանում հաջորդ տարի ներդնելու ժամկետային վարկային գործիքների առեւտուրը, որը բավականին լուրջ տեխնիկական լուծումներ է պահանջում: Դա կլինի մեր շուկայի ակտիվ հատվածներից մեկը: Փորձը ցույց է տալիս, որ եթե շուկային տրամադրում ես արդյունավետ մեխանիզմներ, շուկան սկսում է աճել:
Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի կապիտալի շուկայի ընթացիկ իրավիճակը:
Մենք շուկայի մասնակիցներին արդյունավետ մեխանիզմներ ենք տրամադրում, սակայն ծավալները բավարար չեն: Շուկայի մասնակիցները նշում են, որ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը բավարար է, որպեսզի բոլոր ներդրումային ակնկալիքները բավարարվեն, իսկ դրանից բարձր տոկոսադրույքներով թողարկումները ձեռնտու չեն: Մյուս կողմից` տնտեսվարող սուբյեկտները կարողանում են բանկերից էժան վարկեր ներգրավել, հետեւաբար` բանկերը ձգտում են հաճախորդի հետ աշխատել վարկի միջոցով, այլ ոչ թե կապիտալի շուկայի գործիքներով: Կարծում եմ` միջավայրը ժամանակի ընթացքում ավելի նպաստավոր կդառնա: Եթե պետական պարտատոմսերի եկամտաբերությունը նվազի, ապա շուկայում թողարկողներն ավելի կակտիվանան: Պետական պարտատոմսերի ծավալը 2 տարվա ընթացքում կրկնապատկվել է` 90 մլրդ դրամից հասնելով 180 մլրդ դրամի: Դա նշանակում է, որ շուկայի մասնակիցները լրացուցիչ 90 մլրդ դրամ ներդրում են կատարել պարտքային գործիքներում:
Եթե պետական պարտատոմսերը բերվեն բորսա` դա կփոխի՞ իրավիճակը:
Մենք բորսայում ունենք պետական պարտատոմսերի հարթակ, եւ խնդիր ունենք ակտիվացնել այդ հարթակը: Մեզ մոտ երկրորդային շուկայի շատ փոքր մասն է շրջանառվում: Կենտրոնական բանկը, երբ դեռ չկար բորսայական առեւտուր, շուկայի մասնակիցների համար ապահովում էր ինչպես տեղաբաշխման գործընթացը, այնպես էլ շատ հարմար եւ անվճար պայմաններ էր ստեղծել պարտատոմսերը երկրորդային շուկայում շրջանառելու համար: Ներկայում կենտրոնական բանկը շուկայի մասնակիցներին տրամադրում է առանց ռիսկի գործարքներ կատարելու հնարավորություն, ինչի պայմաններում նույնիսկ նվազագույն միջնորդավճարների պայմաններում բորսայում առեւտուրը դառնում է անմրցունակ: Սա խնդիրներից մեկն է, մենք ակտիվորեն կենտրոնական բանկի հետ քննարկում ենք, թե ինչպես պետական պարտատոմսերի շուկայում ստեղծենք այնպիսի մոդել, որ հնարավորինս խթանի երկրորդային շուկան:
Փոխարժեքը վերջերս կրկին սկսել է անհանգստացնել քաղաքացիներին եւ տնտեսվարողներին: Գաղտնիք չէ, որ հենց բորսայում է ուղղորդվում փոխարժեքը: Դուք հնարավորություն ունե՞ք կանխարգելելու սպեկուլյատիվ խաղերը:
Բորսան արտարժույթի շուկայի մասնակիցներին տրամադրում է հարթակ, որպեսզի խաղի կանոնների համաձայն կատարվեն գնանշումներ եւ գործարքներ: Կան համապատասխան կարգավորումներ, որոնք ուղղված են կանխարգելելու այնպիսի գործարքները, որոնք կարող են մանիպուլյացիոն բնույթ կրել: Կենտրոնական բանկն ունի համապատասխան նորատիվ ակտ` շուկայի չարաշահումների վերաբերյալ, որը գործում է եւ իրականացվում է համապատասխան վերահսկողություն:
Եղել է՞ փոխարժեքի մանիպուլյացիայի դեպք:
Ոչ, հույս ունեմ, որ չի էլ լինի:
Զրուցեց` Սամվել Ավագյանը




























