Արաբական Միացյալ Էմիրությունները թմրանյութերի համար մեղադրված իսրայելուհուն ցմահ բանտարկության է դատապարտել, ասել է նրա փաստաբանը։ Այս մասին տեղեկացրել է AP-ը։

Սկզբում դատարանը նրան մահապատժի էր դատապարտել, բայց անցած շաբաթ չեղարկել է այդ որոշումը։ Իսրայելը հայտարարել է, որ ուշադիր հետեւում է ԱՄԷ-ում ընթացող գործին, որը կարգավորել է հարաբերություններն Իսրայելի հետ 2020թ., այսպես կոչված Աբրահամյան համաձայնագրերից առաջինի շրջանակում, որոնք կնքվել էին Դոնալդ Թրամփի վարչակազմի միջնորդությամբ։

43-ամյա Ֆիդա Կիվանը Հայֆայից ձերբակալվել էր 2021թ. մարտին։ Իշխանություններն ասում են, թե նրա ապրած բնակարանում հայտնաբերվել են մարիխուանա, կոկաին եւ ՄԴՄԱ հաբեր, նա դատապարտվել է թմրանյութեր վաճառելու մտադրության մեղադրանքով։ Կինը մեղադրանքները չի ընդունել։

Նրա փաստաբան Մորդեհայ Ցիվինը տեղեկացրել է, որ կինը դատապարտվել է ցմահ բանտարկության։ Նա ասել է, որ ԱՄԷ-ի իրավապահ համակարգը «շատ ճշգրիտ» է, եւ կա համաներման նախադեպ՝ խիստ դատավճիռների կայացման գործում։

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է մահապատժի չեղարկման որոշումը՝ հայտարարելով, որ այն «բավարարվել է, որովհետեւ իրավաբանական եւ այլ խողովակներով իրականացված ջանքերը հանգեցրել են մահապատժի չեղարկման»։

ԱՄԷ-ում թմրանյութերի հետ կապված օրենքներն ամենախիստ օրենքներից են ամբողջ աշխարհում։ Չնայած ԱՄԷ-ի օրենսդրությունը թույլ է տալիս մահապատիժ որոշակի դեպքերում, բարձրագույն պատիժը հազվադեպ է կիրառվում։