Գերմանիան սկսել է նորմավորել տաք ջուրը, թուլացնել լույսերը եւ անջատել ջեռուցումը, գրում է Telegraph-ը։

Էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկի նախաձեռնությամբ՝ անցյալ ամիս Գերմանիան անցավ գազի եռաֆազ վթարային ծրագրի երկրորդ փուլ, սակայն չսահմանափակեց մատակարարումները:

Սակայն որոշ տեղական իշխանություններ իրենց նախաձեռնությունն են սկսել՝ մտավախություն ունենալով, որ էլեկտրաէներգիայի պակասը կարող է հանգեցնել այս ձմռանը հոսանքազրկման:

Երկրի բնակարանների խոշորագույն սեփականատեր Vonovia-ն հայտարարել է, որ երեկոյան 23-ից մինչեւ առավոտյան 6-ը կնվազեցնի վարձակալների կենտրոնացված ջեռուցման ջերմաստիճանը մինչեւ 17 աստիճան, հայտնում է Financial Times-ը:

Սաքսոնիայի բնակարանային ասոցիացիան հայտարարել է, որ կսկսի նորմավորել տաք ջրի մատակարարումը, իսկ Քյոլնը կթուլացնի փողոցների լույսերը: Մյուս միջոցառումները ներառում են դպրոցներում եւ մարզադահլիճներում տաք ջրի ամբողջական անջատում, ինչպես նաեւ՝ հանրային լողավազանների փակում:

Այս քայլերն ընդգծում են իրական մտահոգություններն էներգետիկ ճգնաժամի վերաբերյալ այս ձմռանը՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանը դադարեցրեց գազի մատակարարումը Եվրոպա:

Հաջորդ շաբաթ դեպի Գերմանիա «Հյուսիսային հոսք» կարեւորագույն գազատարը կփակվի պլանային տեխնիկական սպասարկման համար, եւ ոմանք մտավախություն ունեն, որ այն երբեք չի վերաբացվի: