Թոշակի անցած բրիտանացի երկրաբան Ջիմ Ֆիտոնը կազատվի իրաքյան բանտից այն բանից հետո, երբ արտեֆակտների մաքսանենգության փորձի համար նրա դատավճիռը չեղարկվել է, հաղորդում է PA MEDIA-ն՝ հղում անելով Ֆիտոնի ընտանիքին:

66-ամյա Ֆիտոնը դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ նա հավաքել էր 12 քարեր եւ կոտրված խեցեղենի բեկորներ եւ երկրաբանական ու հնագիտական շրջագայության ժամանակ, որպես հուշանվերներ, տարել էր Իրաքի հարավ-արեւելքում գտնվող Էրիդու բնակավայր:

Իրաքի պաշտոնյաները պնդել են, որ այդ առարկաները կարելի է համարել հնագիտական գտածոներ, քանի որ դրանք ավելի քան 200 տարեկան են:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Ֆիտոնը հյուպատոսական օգնություն է ստանում։

Ֆիտոնը ձերբակալվել է Բաղդադի օդանավակայանում մարտի 20-ին՝ գերմանացի զբոսաշրջիկ Ֆոլկեր Վալդմանի հետ այն բանից հետո, երբ օդանավակայանի անվտանգության աշխատակիցները հայտնաբերել են իրերը նրանց ուղեբեռում:

Ձերբակալվածները դատարանում հայտարարել են, որ հանցավոր դիտավորությամբ չեն գործել, իսկ Ֆիտոնը բացատրել է, որ այդ բեկորները հավաքել է որպես հոբբի։

Ըստ Իրաքի օրենսդրության՝ հնարավոր պատիժը մահապատիժն էր, սակայն Ֆիտոնը հետագայում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, իսկ Վալդմանը արդարացվել է։

Ձերբակալությունից հետո Ֆիտոնը նախ պահվել է օդանավակայանի մեկուսարանում, իսկ հունիսի երկրորդ շաբաթից գտնվում է իրաքյան բանտում։