Շրի Լանկան կոչ է արել լուծել երեխաների թերսնուցման արագ տարածվող խնդիրը, հայտնում է AFP-ն։
Կանանց եւ երեխաների հարցերի նախարարությունը կոչ է արել մասնավոր նվիրատվություններ անել սննդի պակասից հյուծված մի քանի հարյուր հազար երեխաներին կերակրելու համար:
«Երբ Covid-ի համավարակն իր գագաթնակետին էր, խնդիրը լուրջ էր, բայց հիմա իրավիճակը շատ ավելի վատ է տնտեսական ճգնաժամի ֆոնին»,- Կոլոմբոյում լրագրողներին ասել է գերատեսչության ներկայացուցիչ Նիլ Բանդարա Խապուհինեն:
Նրա խոսքով՝ 2021-ի կեսերին մինչեւ հինգ տարեկան 570 հազար աղջիկների եւ տղաների շրջանում 127 հազար թերսնված երեխա էր գրանցվել: Դրանից հետո, նրա խոսքով, նրանց թիվը մի քանի անգամ ավելացել է սրվող գնաճի եւ սննդամթերքի եւ այլ անհրաժեշտ ապրանքների խիստ պակասի պատճառով:
Նա նշել է, որ պետական ուղիղ նպաստներ ստացող մարդկանց թիվը վերջին մեկ տարվա ընթացքում գրեթե կրկնապատկվել է, եւ բնակչության ավելի քան 90 տոկոսն այժմ ապավինում է պետական ֆինանսական օգնությանը: Նրանց թվում են մոտ 1.6 մլն պետական ծառայող:
Հուլիսին Շրի Լանկայում գնաճը պաշտոնապես 60.8 տոկոս է գնահատվել, սակայն մասնավոր տնտեսագետներն ասում են, որ այն գերազանցում է 100 տոկոսը եւ զիջում է միայն Զիմբաբվեին:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը նույնպես ֆինանսավորման կոչ է արել՝ հայտարարելով, որ Շրի Լանկայի երեխաները չափազանց շատ են տուժել ծանր տնտեսական ճգնաժամից:
Անցյալ տարեվերջին երկրում սպառվել էր արտարժույթը նույնիսկ հիմնական ներմուծման ֆինանսավորման համար, իսկ ապրիլի կեսերին Կոլոմբոն դեֆոլտ էր հայտարարել իր 51 միլիարդ դոլարի արտաքին պարտքի մասով:





























