Հանդուրժողականության, ժողովրդավարության մասին հայտարարություններն անխուսափելի քաղաքական գիծ է, որին դիմում է Ադրբեջանը կամ ցանկացած այլ երկիր, որը ներքին հակամարտությունների արդյունքում զրկվել է նախկինում իր կազմի մեջ մտնող տարածքներից եւ շարունակում է դրանք համարել իրենը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:
Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղը թեեւ եղել է Ադրբեջանական ԽՍՀ կազմում, սակայն ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ, ինչն արդեն թույլ չի տալիս ասել, որ այն լիարժեք ադրբեջանական տարածք է: «Ավելին, հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունն ավելի վաղ էր սկսվել, քան Խորհրդային Միության փլուզումը, եւ անկախության հռչակման պահին Ադրբեջանն արդեն չէր վերահսկում այն տարածքը, որի նկատմամբ այսօր հավակնություններ ունի: Ղարաբաղը դուրս է եկել Ադրբեջանի վերահսկողությունից, եւ ինչպես հետո պարզ դարձավ, այլեւս չի պատրաստվում այնտեղ վերադառնալ»,- նշեց նա:
Զատուլինի կարծիքով, երբ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են այն մասին, թե հայերն ու ադրբեջանցիները «կարող են խաղաղ գոյակցել Ղարաբաղում, որը լինելու է Ադրբեջանի կազմում» եւ որ հայերն «իրենք են դա ցանկանում» եւ այլն, այդ բոլոր ճառերն ասվում է ոչ թե հայերի, այլ` միջազգային հանրության համար: «Դա ֆանտաստիկայի ոլորտից է, ոչ ավելին: Պարզապես Ադրբեջանը, համենայն դեպս, մինչեւ Կազանի հանդիպումը, հակամարտության գոտում անընդհատ լարված իրավիճակ էր ստեղծում` մշտապես սպառնալով պատերազմով: Դա սասանեց նրա իմիջը միջազգային հանրության աչքին, եւ Բաքուն այսօր փորձում է նման խոսքերով որոշակի վստահություն վերադարձնել»,- ընդգծեց Զատուլինը:
Պատասխանելով հարցին, թե որքանով են «հանդուրժողականություն», «ժողովրդավարություն» հասկացությունները կիրառելի Ադրբեջանի դեպքում, Զատուլինն ասաց. «Ադրբեջանը ժողովրդավարության չեմպիոն չէ: Ժողովրդավարություն հասկացությունը բոլորովին այլ կերպ է պատվաստվել ԽՍՀՄ «շինելից» դուրս եկած քաղաքական էլիտային: Փլուզումից որոշ ժամանակ անց սկսեցին ի հայտ գալ ժառանգականության գծեր: Ներկայումս Ադրբեջանում գործում է ավտորիտար քաղաքական ռեժիմ, որը վերահսկողությունը պահպանում է ինչպես ժողովրդավարական, այնպես էլ զուտ ավտորիտար մեխանիզմների օգնությամբ: Այս դեպքում ավելորդ է խոսել Ադրբեջանի` որպես ավանդական արեւմտյան ժողովրդավարության մասին»:




























