Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` օգոստոսի 22-ին հետաձգվել է սպա Արտակ Նազարյանի գործով նշանակված դատական առաջին նիստը, որը պետք է մեկնարկեր ժամը 14-ին:
Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ դատախազ Հարություն Հարությունյանը միայն այսօր զանգահարել է դատարան եւ տեղեկացրել, որ ինքը մինչեւ սեպտեմբերի 1-ը գտնվելու է արձակուրդում: Ընդ որում, փաստաբանը դատախազի վարմունքն առնվազն անպատասխանատու, անհարգալից վերաբերմունք է գնահատում ոչ միայն դատարանի, այլեւ դատավարության մասնակիցների նկատմամբ: «Հաշվի առնելով 200 կմ հեռավորությունը, կարող էր երեկ զանգել եւ հայտնել, որ այսօր չգայինք, հասնեինք Բերդ քաղաք»,- նշեց փաստաբանը:
Արտակ Նազարյանի ծնողները շաբաթ օրը զանգել են դատարան` հետաքրքրվելու, թե արդյոք դատական նիստը կայանալու է, թե ոչ եւ նրանց հայտնել էին, որ նիստ լինելու է: Դատական նիստից կես ժամ առաջ դատարանից զանգել են ծնողներին եւ հայտնել, որ նիստը հետաձգվում է եւ կկայանա սեպտեմբերի 5-ին, մինչդեռ նրանք արդեն հասել էին Բերդ քաղաք մոտ 30 հոգով:
Հետաքրքիր է այն, որ գործով 5 մեղադրյալները, ինչպես նաեւ նրանց հարազատները նիստին ներկա չէին, ինչից ենթադրվում է, որ նրանց վաղօրոք էին տեղեկացրել, որ նիստ չի լինելու:
Հիշեցնենք, որ Արտակ Նազարյանը, պաշտոնական վարկածի համաձայն, ինքնասպան է եղել 2010թ. հուլիսի 27-ին Տավուշի մարզի զինվորական դիրքերում: Գործով մեղադրանք է առաջադրվել 2 սպայի եւ 3 շարքայինի ինքնասպանության հասցնելու եւ իշխանազանցության մեղադրանքներով:
Արտակ Նազարյանի ընտանիքի անդամներն ու մտերիմները չեն հավատում պաշտոնական վարկածին եւ պնդում են, որ երիտասարդ սպային սպանել են: Ծնողները համաձայն չեն ինքնասպանության վարկածի հետ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ, դատաբժշկական փորձաքննությունը պարզել է հարվածներ մարմնի վրա:




























