Կինը, որը ենթադրաբար այն երկու երեխաների ընտանիքի անդամ է, որոնց մնացորդները հայտնաբերվել են Նոր Զելանդիայում ճամպրուկներում, գտնվում է Հարավային Կորեայում:

Կինը, որը կորեական ծագումով նորզելանդացի է, 2018 թվականին ժամանել է Հարավային Կորեա եւ այդ ժամանակվանից չի լքել երկիրը, հայտնում է Reuters-ը։

«Նոր Զելանդիայի ոստիկանությունը խնդրել է հաստատել, թե արդյոք քրեական գործով ներգրավված անձը գտնվում է Հարավային Կորեայում»,- ասել է ոստիկանը՝ հավելելով, որ հաշվի առնելով նախկին հասցեն ու տարիքը, նա կարող է երեխաների մայրը լինել։

Հարավային Կորեայի ազգային հեռարձակող KBS-ը հայտնել է, որ Ինտերպոլը հարավկորեական ոստիկանությանը խնդրել է գտնել կնոջը:

Hankyoreh օրաթերթը, վկայակոչելով ոստիկանության միջազգային կապերի բաժնի աղբյուրը, հայտնել է, որ ոստիկանությունը կարող է ձերբակալել կնոջը, եթե Ինտերպոլը կարմիր ծանուցում թողարկի:

Նոր Զելանդիայի ոստիկանությունը չի հաստատել, թե դիմել է արդյոք Սեուլի ոստիկանությանը, եւ հրաժարվել է այլ մեկնաբանություններից, սակայն ավելի վաղ հաստատել է, որ համագործակցում է Ինտերպոլի հետ:

Նոր Զելանդիայի ոստիկանությունը Օքլենդում սպանության հետաքննություն է սկսել անցած շաբաթ այն բանից հետո, երբ մի ընտանիք, որը ճամպրուկներ է գնել առցանց աճուրդից, երեխաների մնացորդներ է հայտնաբերել:

Ճամպրուկներում հայտնաբերված մարդկային մնացորդները պատկանել են երկու փոքր երեխաների, ըստ փորձաքննության՝ երեխաները 5-10 տարեկան են եղել։ «Մարմինները թաքցված էին նույն չափի երկու ճամպրուկների մեջ… Կարծում եմ, որ ճամպրուկները պահվել են մի քանի տարի»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը՝ հավելելով, որ, ամենայն հավանականությամբ, 3-4 տարի:

Ոստիկանությունը բազմիցս հայտարարել է, որ մարմինները հայտնաբերած ընտանիքը կապ չունի մահվան հետ: