Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը երեք սպաների աշխատանքից ազատել է՝ Պակիստանի ուղղությամբ պատահաբար BrahMos հրթիռ արձակելու համար:
«Քննչական դատարանը, որը ստեղծվել է գործի հանգամանքները պարզելու, այդ թվում՝ միջադեպի համար պատասխանատվություն սահմանելու համար, որոշել է, որ երեք սպաների կողմից ստանդարտ օպերատիվ ընթացակարգերից շեղումը հանգեցրել է հրթիռի պատահական արձակման: Այս երեք սպաներն առաջինն են պատասխանատվության ենթարկվել կատարվածի համար։ Նրանց ծառայությունը դադարեցվել է Հնդկաստանի կառավարության կողմից՝ անհապաղ ուժի մեջ մտնելով»,- հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
Ազատման հրամանները սպաներին տրվել են օգոստոսի 23-ին։
Պակիստանի բանակի տվյալներով՝ այս տարվա մարտի 9-ի երեկոյան երկրի ռազմաօդային ուժերը Հնդկաստանում հայտնաբերել են «արագ թռչող օբյեկտ», որը փոխել է իր հետագիծը եւ ընկել Պակիստանի տարածքում՝ Միան Չանու քաղաքի մոտ՝ վնասելով «որոշ քաղաքացիական սեփականություն»: Միջադեպի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան։ Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ կանչել է Իսլամաբադում Հնդկաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին եւ խստորեն բողոքել նրան՝ հնդկական ծագումով «գերձայնային թռչող օբյեկտի» կողմից երկրի օդային տարածքի անհիմն խախտման կապակցությամբ:
Ավելի ուշ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Պակիստանի ուղղությամբ հրթիռի պատահական արձակումը։ Գերատեսչության տվյալներով՝ մեկնարկը տեղի է ունեցել պլանային սպասարկման ժամանակ տեխնիկական անսարքության պատճառով։





























