ԵՏՄ-ն ապացուցել է իր արդյունավետությունը, եւ այդ մասին է վկայում ընթացիկ տարվա առաջին եռամսյակի կարեւոր ցուցանիշների դինամիկան. ՀՆԱ-ի ծավալը ավելացել է ավելի քան 30 տոկոսով։ Այս մասին Ղրղըզստանում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ասել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Նա տեղեկացրել է, որ առաջին կիսամյակում գրանցվել է գյուղատնտեսական արտադրության աճ, մոտ 2 տոկոսով ավելացել է արդյունաբերական ապրանքների թողարկումը, 34 տոկոսով նվազել է գոծազրկության մակարդակը, միությունում ակտիվորեն ազգային արժույթների անցում է կատարվում փոխադարձ հաշվարկներում, այդ ցուցանիշն արդեն հասել է 75 տոկոսի։

«ԵՏՄ-ի երկրները հասել են գյուղատնտեսական ապրանքների հիմնական տեսակներով ինքնապահովման բարձր մակարդակի, միությունը խոշոր համաշխարհային արտահանող է, եւ մենք պատրաստ ենք լիովին կատարել մեր ստանձնած պարտավորությունները»,- ավելացրել է Միշուստինը։

Նա կոչ է արել արագ ներդնել սեփական միջազգային ֆինանսավարկային մեխանիզմները։

«Միության անդամների տնտեսության կայունության ամրապնդման միջոցների ցանկն ընդգրկում է չորս կարեւոր ուղղություն՝ մաքսային սակագնային եւ ոչսակագնային կարգավորում, ներքին շուկա եւ կոոպերացիա, ֆինանսական եւ արժութային շուկաներ, ինչպես նաեւ  միջազգային համագործակցություն երրորդ երկրների եւ ինտեգրացիոն միավորումների հետ»,- ընդգծել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը։