Ձեր տան Wi-Fi-ռոյթերին անհայտ օգտատիրոջ միանալը կարող է հանգեցնել ոչ միայն կայքերի եւ հավելվածների ներբեռնման արագության նվազմանը, այլեւ կարող է վերածվել քրեական գործի։ Կոտրված ռոյթերը հայտնաբերելու միջոցը Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ներկայացրել է կիբեռանվտանգության փորձագետ Ալեքսեյ Ռաեւսկին։

«Եթե ինչ-որ մեկը միանա Wi-Fi-ին եւ ինչ-որ անօրինական գործողություններ կատարի, ապա ի վերջո կարող են ձեզ մոտ գալ այս միջադեպի հետաքննության շրջանակում, եւ դուք ստիպված կլինեք ապացուցել, որ դա դուք չեք»,- նշել է մասնագետը։

Ռաեւսկու խոսքով՝ այլ մարդկանց IP հասցեներից հարձակվողները կարող են արգելված բովանդակություն տարածել եւ խարդախություններ անել։ Նրանք նաեւ ունակ են կեղծ տեղեկություններ տարածել կամ ծայրահեղականության կոչեր անել։ Ռոյթերիի տերը իրավախախտմանը իր չմասնակցելը կկարողանա ապացուցել, սակայն «դա շատ ժամանակ եւ նյարդեր կխլի»,- վստահ է փորձագետը։

Հիմնական պատճառը, թե ինչու կողմնակի մարդիկ կարող են միանալ ռոյթերին, թույլ գաղտնաբառի օգտագործումն է կամ ընդհանրապես գաղտնաբառի բացակայությունը:

«Երբ անծանոթը միանում է ինտերնետին ռոյթերի միջոցով, դա ոչ մի տեղ չի երեւում: Սովորաբար նման գործառույթներ ոչ մի տեղ չկան, ուստի այստեղ ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է ձեռքով միանալ եւ տեսնել, թե ով է ներկայումս օգտագործում ռոյթերը»,- ասել է Ռաեւսկին: