Հասարակածային Գվինեան կալանավորել է արդարադատության նախկին նախարարին այն բանից հետո, երբ նա քննադատել է նախագահ Թեոդորո Օբիանգ Նգեմա Մբասոգոյին, հինգշաբթի հայտարարել են նրա եղբայրը եւ ընդդիմությունը՝ հավելելով, որ երեք շաբաթ է, ինչ նրանից ոչ մի լուր չունեն, հաղորդում է AFP-ն։

Արդարադատության նախկին նախարար, 59-ամյա Ռուբեն Մայե Նսուե Մանգուեն ձերբակալվել է օգոստոսի 7-ի գիշերը՝ արեւելյան Մոնգոմո քաղաքում այն բանից հետո, երբ նրան հրավիրել են իշխող կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման, AFP-ին հայտնել է նրա եղբայրներից մեկը՝ Ռուբեն Մոնսույը։

Հուլիսի 25-ին արդարադատության նախկին նախարարը Whatsapp-ի ձայնային հաղորդագրության մեջ, որը վիրուսային է դարձել, քննադատել է երկրի նախագահին՝ նրան անվանելով «իր ժողովրդին գերի պահող դեւ» եւ ազգային երկխոսության կոչ է արել:

Ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության խմբերի եւ մարդու իրավունքների վտարանդի դիտորդների կոալիցիան հաստատել է ձերբակալության փաստը:

Ռուբեն Մայեն արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 1998-2004 թվականներին, իսկ 2013 թվականին նշանակվել է ԱՄՆ-ում դեսպան: