«Խնայբանկը» փակել է m3 Groupe Holding SA ներդրումային խմբին շվեյցարական «դուստր» ընկերության վաճառքի գործարքը։ Այս մասին տեղեկացրել է ռուսական բանկի մամուլի ծառայությունը։
«Խնայբանկի» բոլոր արժեթղթերը վաճառվել են m3 Groupe Holding SA շվեյցարական ընկերությանը, որը ստացել է վերահսկիչ փաթեթը, եւ «Մոնտե Վալլե. գործընկերներ» միջազգային ներդրումային ընկերության գործընկեր-հիմնադիր Սթիվեն Լինչին, որը դարձել է մինորիտար բաժնետեր։
«Մենք հույս ունենք, որ նոր ներդրողները կշարունակեն զարգացնել բանկի հաջող բիզնեսը հումքային ապրանքների առեւտրի ֆինանսավորման ոլորտում՝ ի շահ բոլոր կողմերի, ներառյալ աշխատակիցները, հաճախորդները եւ գործընկերները տարածաշրջանում։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել բանկի ամբողջ թիմին, որն այս ոչ հեշտ ժամանակներում արդյունավետորեն պահում էր բանկի աշխատունակությունը եւ կատարում հաճախորդների առջեւ ունեցած բոլոր պարտավորությունները»,- ասել է «Խնայբանկի» վարչության փոխնախագահ Անատոլի Պոպովը, նրա խոսքերը մեջբերվել են հաղորդագրությունում։
Բանկի նոր անվանումն է՝ TradeXBank AG, այն կշարունակի ծառայություններ մատուցել առեւտրային ֆինանսավորման ոլորտում։ Մարտին «Խնայբանկը» տեղեկացրել էր իր ներկայության կրճատման մասին եվրոպական շուկայում։ Այն ժամանակ դա բացատրել էին նրանով, որ խմբի դուստր բանկերը բախվել են միջոցների անոմալ արտահոսքի եւ աշխատակիցների անվտանգության սպառնալիքի։ Այսօր «Բայտերեկ» ազգային հոլդինգը գնել է Ղազախստանում «Խնայբանկի« դուստր բանկի բոլոր բաժնեթղթերը, տեղեկացրել է «Коммерсантъ»-ը։ https://www.kommersant.ru/




























