Հունգարիան եւ ամբողջ տարածաշրջանը չեն կարող առանց ռուսական գազի, իսկ Բուդապեշտից պահանջել հրաժարվել ռուսական վառելիքից, անօրինական է: Այս մասին «Տանյուգ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Մենք գազ ենք գնում Ռուսաստանում, քանի որ սա է տարածաշրջանի իրականությունը։ Քանի դեռ դուք չեք կարող գազ տեղափոխել ուսապարկով կամ գնացքով, դուք պետք է օգտագործեք գազատարը: Եթե նայեք մեր տարածաշրջանի ենթակառուցվածքին ու աշխարհագրությանը, պարզ կդառնա, որ չեք կարողանա շրջանցել Ռուսաստանը։ Եթե հաշվի չառնեք ռուսական աղբյուրները, չեք կարողանա բավարարել ձեր կարիքները։ Խոսքը մաթեմատիկայի եւ ֆիզիկայի մասին է, ոչ թե՝ գաղափարախոսության: Եթե տարեկան ձեզ անհրաժեշտ է 8,5 մլրդ խ/մ մետր գազ, ինչպես մեզ է այն անհրաժեշտ, ապա առանց ռուսական աղբյուրների դուք ֆիզիկապես չեք կարողանա այն ստանալ»,- ասել է Սիյարտոն:
Նրա խոսքով, այլ երկրներից մատակարարումները բավարար չեն Հունգարիային ամբողջությամբ գազով ապահովելու համար. նրան տարեկան անհրաժեշտ է 8,5 միլիարդ խ/մ գազ։ «Ի՞նչ պետք է ասենք ժողովրդին։ Մենք որոշել ենք գազ չգնել Ռուսաստանից, ուրեմն Հունգարիայում բնակարանների 50 տոկոսը, 30 տոկոսը, 20 տոկոսը ջեռուցում չի՞ ունենա։ Թե՞ ասեք՝ ցավում ենք, բայց ոլորտի փլուզման պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ կկորցնեն իրենց աշխատանքը։ Օրինակա՞ն է արդյոք դա ակնկալել Հունգարիայից եւ նրա կառավարությունից»,- տարակուսել է Սիյարտոն։
Երեկ Բելգրադում «Բաց Բալկաններ» ֆորումում Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը «Թուրքական հոսքը» անվանել է Եվրոպա գազի մատակարարման միակ հուսալի ճանապարհը։ Նախարարը նշել է, որ Բուդապեշտը «շատ մեծ խնդիրներ կունենար, եթե Հունգարիան չկառուցեր «Թուրքական հոսք» գազատարը Թուրքիայի, Սերբիայի եւ Բուլղարիայի հետ միասին։
Ավելի վաղ Հունգարիան «Թուրքական հոսք»-ով եւ Սերբիայով օրական լրացուցիչ 5,8 մլն խ/մ գազ մատակարարելու մասին համաձայնագիր էր կնքել «Գազպրոմ»-ի հետ, գրում է «Կոմերսանտը»։




























