2001 թվականի սեպտեմբերի 11-ի լայնամաշտաբ ահաբեկչական գործողությունները ԱՄՆ-ի դեմ ապացուցեցին, որ նախորդ դարի վերջին քառորդում Ժիլ Կեպելի, Բեռնարդ Լյուիսի և այլ հայտնի արևելագետ-իսլամագետների կողմից հնչեցված տեսակետները, որ իսլամական արմատական գաղափարախոսությունը և կառույցները սպառել են իրենց, չեն համապատասխանում իրականությանը:
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո ամբողջ աշխարհում նորից սկսեցին խոսել մուսուլմանական արմատականության, իսլամական կազմակերպությունների (առաջին հերթին ալ-Կաիդայի) մասին: Ալ-Կաիդայի հեղինակությունը բարձրացավ արմատական գաղափարներով տոգորված մուսուլմանների մոտ, և նրա աջակիցների բանակը մեծացավ հատկապես երիտասարդ մուսուլմանների շրջանում: Դա կարելի է բացատրել այն գործոններով որոնք բնորոշ են ալ-Կաիդային:
Գործոններից մեկն այն է, որ ալ-Կաիդայի քարոզչությունը իր մեջ պարունակում է պարզ, մուսուլմաններին հասկանալի ուղերձներ, որոնք ալ-Կաիդայի կողմից հաջողությամբ համադրվեցին իրական կյանքի դժգոհությունների և խնդիրների հետ:
20-րդ դարի երկրորդ կեսի իսլամական արմատական գաղափարախոսների, Ս.Քուդբի, Ա.Մաուդուդիի և այլոց կողմից այդ ժամանակվա մուսուլմանական վարչակարգերը բնորոշվում էին որպես իսլամի ճշմարիտ ուղուց շեղված, շինծու և դավաճան: Արմատականները քարոզում էին այդ վարչակարգերի տապալում, որոնց փոխարեն պետք է ստեղծվեին իսլամական օրենքներով, ինչպես նաև միաստվածության և աստվածաիշխանության սկզբունքներով առաջնորդվող մուսուլմանական պետություններ:
21-րդ դարում ալ-Կաիդային հաջողվեց մուսուլմանական հասարակությանը հասցեագրել պարզ և հասկանալի ուղերձներ, որոնց էությունը կայանում էր նրանում, որ իսլամը արևմուտքի կողմից ենթարկվել է կրոնական, քաղաքական, տնտեսական և ռազմական հարձակման: Ալ-Կաիդան կենտրոնացավ իր ուղերձներում հատկապես այն բանի վրա, որ իսլամական հողերը գտնվում են գաղութատիրական երկրների տիրապետության տակ, և նրանց կողմից թալանվում և ոջնջացվում են մուսուլմանական աշխարհի բնական պաշարները (հատկապես նավթը) և այլ հարստություններ:
Ալ-Կաիդայի ռազմավարներից Աբու Մուսաբ ալ-Սուրին, Այման ալ-Զաուահիրին և ուրիշներ կարծում են, որ ճշմարիտ մուսուլմանները իրենց կզոհաբերեն հանուն ալ-Աքսայի, Պաղեստինի, Իրաքի և Աֆղանստանի ազատագրության:Նրանց կարծիքով արևմուտքը, ԱՄՆ-ի կողմից ղեկավարվելով, ունի ուժեղ և տեսանելի ռազմական, տնտեսական և քաղաքական ներկայություն մուսուլմանական աշխարհում, աջակցում է Իսրայելին, որը բռնազավթել է պաղեստինյան հողերը և Երուսաղեմը:Այս ամենը ալ-Կաիդային լավ փաստարկներ գտնելու հնարավորություն են տալիս, որոնք նա կարողանում է հաջողությամբ օգտագործել իր ուղերձներում:
Մյուս կարևոր գործոնը դա ալ-Կաիդայի իմիջն է (հեղինակություն): Այսօր շատերը իրենց օրվա զգալի մասը անցկացնում են համացանցում, որը հնարավորություն է տալիս առավել լայն զանգվածներին շատ կարճ ժամանակում տեղեկատվություն ստանալ և տարածել: Տեղեկատվության տարածման գործում մեծ դեր են խաղում նաև ԶԼՄ-ները, որոնք պայքարում են միմյանց հետ առավել լայն լսարան ձեռք բերելու համար: Այս առումով ահաբեկչությունը միշտ գրավել է ԶԼՄ-ների ուշադրությունը: Սակայն ալ-Կաիդան, ի տարբերություն այլ արմատական խմբավորումների, կարողացավ իր աննախադեպ բռնարարքներով լինել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Մինչև ալ-Կաիդան ահաբեկչական գործողությունները լոկալ բնույթ էին կրում և լուծում տեղական խնդիրներ, սակայն ալ-Կաիդայի կողմից իրականացված գործողությունները ( հատկապես 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը) աննախադեպ էին, որոնց շնորհիվ ալ-Կաիդան ստեղծեց իմիջ (հեղինակություն) և վերածվեց առաջամարտիկի իսլամական արմատական կազմակերպությունների շրջանում:
Ալ-Կաիդայի գոծողությունները ստեղծեցին հակաամերիկյան և հակաարևմտյան տրամադրությունների և բողոքի նոր, զանգվածային ալիք: 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները որակելով որպես պատերազմական, ԱՄՆ-ի վարչակազմը ալ-Կաիդան հայտարարեց գլխավոր թշնամի և թիրախ ԱՄՆ-ի կողմից իրականացվող գլոբալ, հակաահաբեկչական պայքարում:
Սեպտեմբերի 11-ին հաջորդած ԱՄՆ-ի հարձակումները Աֆղանստանի և Իրաքի վրա բարձացրեցին ալ-Կաիդայի հեղինակությունը, հիմնավորեցին նրա քարոզների ճշմարտացիությունը, որտեղ ԱՄՆ-ն բնորոշվում էր որպես ագրեսիվ պետություն, և թուլացրեցին ալ-Կաիդայի հակառակորդների դիրքերը, որոնք նպատակ էին դրել ընդդիմանալ ԱՄՆ-ի դեմ վարած գործողություններին:
Մյուս գործոնը, որը նպաստում է ալ-Կաիդայի գրավչությանը 21-րդ դարում, դա ալ-Կաիդայի միջազգային, գլոբալ նշանակությունն է: Այսօր քիչ ահաբեկչական խմբավորումներ ունեն միջազգային բնույթ, քչերն ունեն հնարավորություն տարածել իրենց ճյուղավորումները աշխարհի տարբեր հատվածներում և հանդուրժողական վերաբերմունք դրսևորել այլազգիների նկատմամբ: Այս առումներով ալ-Կաիդան բացառություն է: Ալ-Կաիդան ի սկզբանե ունեցել է բազմազգ և բազմաէթնիկ բնույթ:Նրան անդամակցելը միշտ եղել է ազատ: Վերջին 20 տարիների ընթացքում ալ-Կաիդան մեծ աշխատանքներ է տանում աշխարհի տարբեր հատվածներում ընդլայնելու համագործակցությունը այլ մուսուլմանական արմատական խմբավորումների հետ: Շատ խմբավորումներ նույնիսկ ընդգրկվում են ալ-Կաիդայի մեջ, դառնալով նրա ճյուղավորումներից մեկը: Նախկինում ալ-Կաիդան գտնում էր լոկալ գործընկերներ, նրանց առաջարկելով ճամբարներում մարզումների հնարավորություն, ռազմական և ֆինանսական աջակցություն: Վերջին տարիներին ալ-Կաիդան տրամադրում է տեղեկատվության տարածման ծառայություն և առաջարկում է իր բռենդը լոկալ խմբավորումներին, որոնք ցանկություն են հայտնում համագործակցել ալ-Կաիդայի հետ: Լայնորեն օգտագործելով համացանցը ալ-Կաիդան ծառայեցնում է նրա ներուժը իր նպատակներին, սրբազան պատերազմի (ջիհադ) կոչ ուղղելով համակիրներին:
Մյուս կարևոր գործոնը դա ալ-Կաիդայի առաջնորդ, ՈՒսամա բեն-Լադենի գործոնն է: Բեն-Լադենը կարողացավ իր ապրելակերպով և վարքագծով հասնել նրան, որ շարքային մուսուլմանը նրան համեմատի իսլամական կրոնի հիմնադիր Մուհամեդ մարգարեի հետ: Իր ուղերձներում բեն-Լադենը շատ անգամ էր անդրադառնում Մուհամեդին, ամբողջացնում ուղերձների տեքստը Ղուրանից (մուսուլմանների սուրբ գիրքը) և մուսուլմանական այլ աղբյուրներից վերցված հատվածներով, ինչը առավել ազդեցիկ էր դարձնում նրա խոսքը մուսուլմանների շրջանում: ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից 2011թվականի մայիսի 1-ին ՈՒսամա բեն-Լադենը սպանվեց, սակայն նրա անունը դեռևս երկար ժամանակ կմնա միջազգային հանրության ուշադրության կենտրոնում:
Այս ամենով հանդերձ պետք է փաստել, որ վերջին տարիներին դեպի ալ-Կաիդա գրավչությունը որոշ չափով նվազել է: Սակայն քանի դեռ արևմուտքը շարունակում է ուժեղ ռազմական, տնտեսական և քաղաքական ներկայություն պահպանել իսլամական աշխարհում, ապա ալ –Կաիդան կշարունակի համալրել իր համակիրների բանակը և լուրջ վտանգ ներկայացնել հետագա աշխարհաքաղաքական զարգացումներում:
Սարգիս Գրիգորյան




























