Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը չի մասնակցում Խորովածի համահայկական 3-րդ փառատոնի կազմակերպչական աշխատանքներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փառատոնի կազմակերպիչ, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը` մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները:

«Վազգեն Խաչիկյանը իմ ընկերն է, որեւէ կազմակերպչական գործի չի մասնակցում, բայց ինքը իմ ընկերն է»,- ասաց նա: Նրա խոսքով` փառատոնը կազմակերպում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հկ-ն` էկոնոմիկայի նախարարության եւ Ախթալայի քաղաքապետարանի հետ համատեղ:  Ի դեպ, Ախթալայի քաղաքապետը Վազգեն Խաչիկյանի եղբայրն է` Հայկազ Խաչիկյանը:

Նշենք, որ Լոռու մարզում սեպտեմբերի 18-ին կանցկացվի Խորովածի համահայկական 3-րդ փառատոնը, որն այս տարի կանցկացվի հանրահայտ ֆիլմի անվանումը կրող` «Երբ գալիս է սեպտեմբերը» խորագրով: Սեդրակ Մամուլյանը մեզ հետ զրույցում նշեց նաեւ, որ  փառատոնի ընդհանուր բյուջեն մոտ 5 մլն դրամից ավել է, որից 3 մլն 200 հազար դրամ տրամադրելու է Էկոնոմիկայի նախարարությունը

Տեղեկությունները ճշտելու համար NEWS.am-ը փորձեց կապվել Վազգեն Խաչիկյանի հետ, բայց նրա հեռախոսահամարն անհասանելի է, իսկ կինը` Լիլիթ Ասատրյանը ոչ միայն հրաժարվեց մեկնաբանել, այլեւ նշեց, թե չգիտի ամուսնու հեռախոսահամարը: Նշենք, որ Վազգեն Խաչիկյանը Սոցապ ծառայության պետի պաշտոնից հեռացրել են այնտեղ արձանագրված խոշոր յուրացումների արդյունքում: Պարզվել էր, որ կենսաթոշակների նշանակման, վճարման եւ վերահսկողության ոլորտում լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձինք կեղծ փաստաթղթեր են կազմել, պետական բյուջեից  դուրս են գրել եւ վճարել առանձնապես խոշոր չափերի` 113 մլն 181 հազար 900 դրամ գումար ու յուրացրել այն: