Զապորոժիեի ԱԷԿ-ի վերջին՝ վեցերորդ էներգաբլոկը ՌԴ-ի վերահսկողության տակ գտնվող Էներգոդարում կիրակի գիշեր կանգնեցվել է, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի ղեկավարի խորհրդական Ռենատ Կարչաային։

«Բլոկը կանգնեցվել է, ներկայում իրականացվում է դրա անցում սառը վիճակի»,- ասել է կոնցեռնի ղեկավարի խորհրդականը։

Կարչաան նշել է, որ ռեակտորի անջատումը լիովին չի վերացնում միջուկային աղետի սպառնալիքը շարունակվող հարվածների պայմաններում։

Զապորոժիեի ԱԷԿ-ը Եվրոպայում ամենամեծ ատոմակայանն է։ Այն բաղկացած է ВВЭР-1000 վեց էներգաբլոկներից։ Վերջին ժամանակներս աշխատում էին միայն հինգերորդ եւ վեցերորդ էներգաբլոկները։ Ուկրաինայի ԶՈւ-ի հրետակոծությունների պատճառով դրանցից մեկն անջատվել էր վնասվելու պատճառով, մյուսը գտնվում էր պլանային բեռնաթափման ռեժիմում՝ աշխատելով նվազագույն հզորությամբ։ Այս շաբաթ ԱԷԿ-ի էլեկտրաէներգիայից զրկվել էին ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Ուկրաինային ենթակա տարածքները։

Սեպտեմբերին Զապորոժիեի ԱԷԿ է այցելել ԱԷՄԳ-ի առաքելությունը։ Գործակալության փորձագետների մի մասը հեռացել է ԱԷՄԳ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ ԱԷԿ-ում մնացել է երկու փորձագետ։

Ավելի ուշ ԱԷՄԳ-ն զեկույց էր ներկայացրել Զապորոժիեի ԱԷԿ-ի ստուգման արդյունքների վերաբերյալ, որտեղ, մասնավորապես, նշվել էր ռազմական գործողությունները դադարեցնելու եւ այդ շրջանում անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին։