Ֆրանսիայի կառավարությունն ավելի դանդաղ տեմպերով կկրճատի արդյունաբերական արտադրության հարկը, քան ծրագրված էր նախապես, քանի որ փորձում է հասնել դեֆիցիտի կրճատման նպատակներին՝ չնայած ավելի ցածր տնտեսական աճին։ Այս մասին ասել է ֆինանսների նախարար Բրունո լը Մերը։
Հարկը, որը հայտնի է որպես CVAE, կիջեցվի երկու փուլով՝ 4-ական միլիարդ եվրոյով 2023 եւ 2024թթ., ասել է լը Մերը։ «Մենք կիջեցնենք CVAE-ը, որովհետեւ արտադրության հարկերը Ֆրանսիայում չափից ավելի բարձր են, բայց մենք դա կանենք երկու փուլով»,- ասել է ֆինանսների նախարարը։
Ռեցեսիայի սպառնալիքը Եվրոպայում՝ գնաճի եւ էներգամատակարարման ռիսկերի ֆոնին, կառավարություններին ստիպում է հավասարակշռել աջակցությունն իրենց տնտեսությանը՝ պետական ֆինանսների վերականգնման անհրաժեշտությամբ, Covid համավարակից հետո։
Ֆրանսիայում նախագահ Էմանուել Մակրոնը փորձում է իր երկրորդ ժամկետի ավարտին՝ 2027թ., բյուջեի դեֆիցիտը վերադարձնել արտադրության ծավալի 3 տոկոսից ցածր մակարդակին։ Լը Մերը հայտարարել է, որ կառավարությունը չպետք է շեղվի այս պլանից արդեն հաջորդ տարի՝ չնայած տնտեսական դժվարություններին։
«Բարդ է լինելու, ես չեմ պատրաստվում թաքցնել դա, բայց 2023թ. մենք կպահենք 5 տոկոսանոց բյուջեի դեֆիցիտ»,- ասել է լը Մերը։ «Դա խիստ որոշումներ կպահանջի»։
Նա հրաժարվել է կրկնել հաջորդ տարի 1,4 տոկոս աճի կառավարական կանխատեսումը՝ դրա փոխարեն հայտարարելով, որ «աղետալի սցենարից» կարելի է խուսափել, իսկ պաշտոնական կանխատեսումը հաջորդ տարվա բյուջեի վերաբերյալ առաջվա պես «դրական» կլինի։




























