Ուրանի գինը մարտի սկզբից հասել է առավելագույնին՝ Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի պայմաններում միջուկային վառելիքի պահանջարկի հեռանկարների հանդեպ թրեյդերների լավատեսության աճի շնորհիվ։ Ուրանի արժեքը օգոստոսի կեսից բարձրացել է 7 տոկոսով՝ գերազանցելով մեկ ֆունտը 50 դոլարը, շուկայի շատ մասնակիցներ կանխատեսում են գների հետագա բարձրացում, գրել է Financial Times թերթը։ Bank of America-ի փորձագետները սպասում են, որ ուրանը կթանկանա՝ եկող տարի հասնելով մեկ ֆունտը 70 դոլարի։
Մարտը չհաշված, երբ շատ հումքատեսակների գինը բարձրացել էր Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության պատճառով. ուրանի ֆյուչերսների արժեքը վերջին անգամ 50 դոլարից բարձրացել էր ավելի քան 10 տարի առաջ, նշել է UxC քոնսալտինգային ընկերությունը, փոխանցել է «Ինտերֆաքս»-ը։
Շուկան աջակցվում է Եվրոպայում ուրանի պահանջարկի ավելացման հետ կապված, որտեղ խորանում է էներգետիկ ճգնաժամը. կան նաեւ այլ տարածաշրջաններում վառելիքի այդ տեսակի հանդեպ վերաբերմունքի փոփոխության ազդանշաններ։
Անցած ամիս Ճապոնիան հասկացրել էր, որ մտադիր է արագացնել միջուկային ռեակտորները վերագործարկելը եւ դիտարկել նոր ԱԷԿ-ների կառուցման հնարավորությունը՝ 2011թ. Ֆուկուսիմայի վթարից հետո առաջին անգամ։
Կալիֆոռնիայի իշխանությունները սեպտեմբերի սկզբին որոշել էին երկարացնել վերջին աշխատող ԱԷԿ-ի ծառայության ժամկետը եւս հինգ տարով, այն դեպքում, երբ Գերմանիան քննարկում է ԱԷԿ-ի փակումը հետաձգելու հնարավորությունը, եթե գալիք ձմռանը էներգառեսուրսների անբավարարություն ունենա։
«Գերմանիան եւ Կալիֆոռնիան բացասաբար էին տրամադրված միջուկային էներգետիկայի հանդեպ, իսկ հիմա փոխում են կարծիքը,- ասել է WMC Energy-ի միջուկային էներգետիկայի եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների ստորաբաժանման տնօրեն Փեր Յանդերը։- Դա անմիջապես կանդրադառնա շուկայի վրա»։
Փորձագետների կարծիքով՝ շուկան խոցելի կմնա Ռուսաստանից ուրանի մատակարարումների պոտենցիալ կրճատման հանդեպ։ Երկրին բաժին են ընկնում ուրանի համաշխարհային արդյունահանման 5 տոկոսը եւ ուրանի հարստացման գլոբալ հզորությունների երկու հինգերորդը, վկայում են Berenberg-ի տվյալները։
«Ռուսաստանը վառելիքի մատակարարումների գլոբալ շղթայից հանելը կարող է դառնալ շուկայի ապակայունացման աղբյուր»,- նախազգուշացրել են Berenberg-ի փորձագետները։




























