Սա հիմա տեղի է ունենում ոչ թե Բրյուսելի, այլ Խարկովի պատճառով։ Այս մասին «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նա պարզաբանեց, որ Մեծ Եվրասիայում տեղի ունեցողն անկասկած կախված է նրանից, թե ինչ է կատարվում Ուկրաինայում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը ստուգում է կարմիր գծերը, ստուգում է սրման սահմանները, նայում է, որտեղ հնարավոր է, որքան հնարավոր է՝ հետխորհրդային տարածաշրջանում Ռուսաստանի դերի առումով իրավիճակի կտրուկ փոփոխության եւ ինչ-որ բան պոկելու հնարավորության առաջացման դեպքում նպատակ ունենալով զիջումների հասնել՝ ստորագրության, ճանապարհի, հայտարարության տեսքով։
«Բաքվի դիրքորոշումը միանգամայն հասկանալի է, բավականին պարզ, եւ դրան լրջորեն ոչինչ չի հակադրվում»,- ասել է նա։
Իսկանդարյանը հավելեց, որ 2020-ի պատերազմի ավարտից ի վեր Ադրբեջանի նպատակը հայկական կողմից առավելագույն զիջումների հասնելն է՝ թղթի վրա ռազմական հաղթանակի, Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Թուրքիա միջանցքի, Լաչինի նկատմամբ վերահսկողության տեսքով։
«Երրորդ նպատակը գրեթե ամբողջությամբ իրագործված է։ Մարտավարությունը հայկական կողմերի վրա ճնշում գործադրելն է՝ հայտարարության տեսքով, որ Ղարաբաղը գոյություն չունի։ Դա ուղղված է ե՛ւ ադրբեջանական, ե՛ւ հայկական տեղեկատվական դաշտին, ընդ որում՝ հաջող։
Մենք արդեն վաղուց պաշտպանում ենք ոչ թե Արցախը, այլ Սյունիքը։ Դա տեղեկատվական աշխատանքի արդյունք է։ Դիվանագիտական աշխատանք է տարվում նաեւ այն ձեւաչափերի դեմ, որոնք ձեռք էին տալիս Հայաստանին, եւ որոնց վրա պնդում էր Բաքուն։
Բացի այդ, ճնշում է գործադրվում գետնի վրա՝ էսկալացման տեսքով։ Ես Բաքվի կողմից նման քաղաքականություն չվարելու որեւէ պատճառ չեմ տեսնում»,- հավելեց փորձագետը:





























